Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ժամանակը չի աշխատում Ուկրաինայի օգտին , քանի որ երկիրը շարունակում է կորցնել դիրքերը Ռուսաստանի հետ պատերազմում։ Այս մասին Օրբանը ասել է Kossuth ռադիոկայանի առավոտյան հաղորդման ժամանակ։
«Ժամանակը Ուկրաինայի օգտին չի աշխատում։ Դա ճիշտ էր մեկ տարի առաջ, և ճիշտ է նաև հիմա», – նշել է Օրբանը՝ հիշեցնելով իր 2024 թվականի հուլիսին կատարած այցը Կիև, որտեղ առաջարկել էր միջնորդ հանդիսանալ խաղաղության գործընթացում։
«Մեկ տարի առաջ հրադադարի պայմանները շատ ավելի բարենպաստ էին։ Հիմա Ուկրաինայի համար Ռուսաստանի հետ խաղաղության հասնելն ավելի դժվար է», – հավելել է նա։
Օրբանը նշել է, որ փորձել է բացատրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որ այս պատերազմը Ուկրաինայի համար արդեն պարտված է կամ կարող է շատ արագ ավարտվել նրանց պարտությամբ, քանի որ ժամանակը նրանց օգտին չէ, և երբեք ոչ ոք չի հաղթել միջուկային գերտերության։ Նրա խոսքով՝ Ուկրաինան պետք է ընդուներ խաղաղության հնարավորությունը, բայց փոխարենը մերժեց իր առաջարկը։
«Բարձր գին վճարեցին ոչ թե մենք՝ հունգարացիներս, այլ ուկրաինացիները», – ասել է Օրբանը՝ ընդգծելով, որ Հունգարիան արել է հնարավոր ամեն ինչ, իսկ ի վերջո՝ «յուրաքանչյուր մարդ իր բախտի ճարտարապետն է»։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսին Օրբանը այցելել էր թե՛ Կիև, թե՛ Մոսկվա՝ առաջարկելով Զելենսկուն և Վլադիմիր Պուտինին հրադադարի և բանակցությունների մեկնարկի գաղափարը։ Պուտինի հետ հանդիպումից հետո Օրբանը նշել է, որ երկու կողմերն էլ վախենում են, որ հրադադարը կարող է օգտագործվել մյուսի կողմից՝ ուժերը վերախմբավորելու և պատերազմը վերսկսելու համար։
Անի Վարդանյան


















































































