Armenian text to speach

Հարցումը ցույց է տվել, թե որքան են ՌԴ քաղաքացիները վստահում Պուտինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ըստ ВЦИОМ վերլուծական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքների Ռուսաստանի բնակչության մեծամասնությունը՝ 77,9 տոկոսը, վստահում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ 74,4 տոկոսը հավանություն է տվել նրա աշխատանքին որպես երկրի ղեկավար։

Հարցվածների 77,9 տոկոսը հայտնել է, որ վստահում է Պուտինին, իսկ 17 տոկոսը նշել է, որ չի վստահում նրան։ Բացի այդ, Ռուսաստանի քաղաքացիների 74,4 տոկոսը հավանություն է տվել Պուտինի գործունեությանը նախագահի պաշտոնում, մինչդեռ 15,4 տոկոսը հավանություն չի տվել:

Ռուսաստանի կառավարության աշխատանքին հավանություն է տվել հարցվածների 49,9 տոկոսը, իսկ 19,9 տոկոսը՝ չի հավանել։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին վստահում է հարցվածների 59 տոկոսը, իսկ 20,1 տոկոսը նշել է, որ չի վստահում նրան։

Հարցման մասնակիցներին նաև հարցրել են, թե որ կուսակցությանը կքվեարկեին, եթե առաջիկա կիրակի օրը անցկացվեին Պետդումայի ընտրություններ։ Հարցվածների 33,1 տոկոսը նշել է Միացյալ Ռուսաստան կուսակցություն (Единая Россия ), 10,9 տոկոսը՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն (ЛДПР), 9,6 տոկոսը՝ Կոմունիստական կուսակցությունը (КПРФ), 7,1 տոկոսը՝ «Նոր մարդիկ» կուսակցությունը, իսկ 4,1 տոկոսը՝ «Արդար Ռուսաստան – Հայրենասերներ – Ճշմարտության համար» կուսակցությունը։

«ВЦИОМ» նախաձեռնողական հարցումը անցկացվել է 2025 թվականի հուլիսի 14-20-ը՝ 18 տարին լրացած 1,600 ռուսաստանցիների շրջանում։ Հարցումը կատարվել է հեռախոսային հարցազրույցի միջոցով՝ բջջային համարների պատահական ընտրությամբ։ Առավելագույն սխալի չափը 95 տոկոս հավանականությամբ չի գերազանցում 1 տոկոսը։

Հիշեցնեք, որ Ռուսական հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը՝ «ВЦИОМ »-ը Ռուսաստանի ամենահին պետական հետազոտական կազմակերպությունն է, որը պարբերաբար իրականացնում է սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտություններ՝ հիմնված հասարակական կարծիքի հարցումների վրա։ Այն այս ոլորտում Ռուսաստանի խոշորագույն ընկերություններից մեկն է։ Սակայն ուշագրավ է այն փաստը, որ ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը արդեն պատկանում է պետությանը։

Անի Վարդանյան

 




Լրահոս