Ռալֆ Յիրիկյանն այցելեց Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ BirthLink ՀԿ հետ համատեղ` նորածինների խնամքի բարելավմանն ուղղված ծրագիրը շարունակվում է: Այս անգամ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը այցելեց Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց: Հիվանդանոցին տրամադրվել է ինտենսիվ թերապիայի ինկուբատոր, CPAP համակարգ և այլ տեխնիկական սարքավորումներ, ինչը բժշկական անձնակազմին թույլ կտա հիվանդ նորածինների խնամքն ապահովել արդիական սարքավորումներով: Բոլոր ծննդատներն ունենում են անհրաժեշտ սարքավորումների կարիք` բարդ հղիության կամ վաղաժամկետ ծննդաբերությունների դեպքում նորածինների կյանքը փրկելու համար: Այդ սարքավորումներն օգնում են պահպանել երեխայի մարմնի ջերմաստիճանը և կայունացնել նրա վիճակը` մինչև տարածաշրջանային կենտրոն կամ Երևան տեղափոխելը: Կյանքի ցուցում ունեցող երեխաներին անհապաղ և պատշաճ խնամք ցուցաբերելու դեպքում, կրճատվում է բժշկական հետագա միջամտության հավանականությունը:  «Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մանկական մահացության մակարդակն ավելի քան չորս անգամ գերազանցում է այնպիսի երկրների տվյալները, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան: Որպես կորպորատիվ պատասխանատու կազմակերպություն, որը մեր երկրի կենսական նշանակություն ունեցող ոլորտների զարգացումը միշտ պահել է ուշադրության կենտրոնում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը չէր կարող անտարբեր մնալ նման անհանգստացնող վիճակագրության հանդեպ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Մենք չէինք կարող ուղղակի դիտորդի դերում լինել և սկսեցինք համագործակցել BirthLink ՀԿ-ի հետ: Մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ հավատը և խնդրին հետևողական մոտեցումը անպատճառ դրական արդյունք են տալիս: Այսօր արդեն, մասնագետներն արձանագրում են դրական միտում. Հայաստանում նորածնային մահացության ցուցանիշն էականորեն կրճատվել է` այս ծրագրի շրջանակներում ծննդատներին տրամադրած սարքավորումների և բուժանձնակազմի համար կազմակերպված դասընթացների շնորհիվ: Շուտով մենք կունենանք պաշտոնական տվյալներ և կկարողանանք ավելի հստակ վիճակագրություն ներկայացնել»,- ավելացրեց պարոն Յիրիկյանը: Շիրակի մարզի յոթ ծննդատներում ամեն տարի գրանցվում է շուրջ 40000 ծնունդ: Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցը նորածիններ է ընդունում ողջ տարածաշրջանից: Երկար ճանապարհ անցնելու և մինչև Երևան հասնելու փոխարեն` ավելի նպատակահարմար է մանուկներին տեղափոխել մարզային հիվանդանոց: Այս առումով կարևոր է հիվանդանոցն անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ապահովելը, ինչը թույլ կտա առավելագույն արագությամբ երաշխավորել նորածինների մասնագիտացված խնամքը: Սկսած 2010թ.-ից, համատեղ նախագծի շրջանակներում` ՎիվաՍել-ՄՏՍ-ը և BirthLink ՀԿ, աջակցում են Շիրակի մարզի հիվանդանոցներին: Ավստրիական մանկական հիվանդանոցին 2010թ.-ին ևս տրամադրվել է նորածինների խնամքի համար անհրաժեշտ բուժտեխնիկա (CPAP շնչառական համակարգ, ինտենսիվ թերապիայի համակարգ, տաքացվող ներքնակներ, հիվանդի աշխորոշման մոնիտորներ, օդափոխիչ և այլ սարքավորումներ): Հայաստանում 2009թ.-ին CPAP համակարգի ներդրումը էական ազդեցություն ունեցավ վաղաժամ ծնված մանուկների կյանքը փրկելու գործում: Վաղաժամ ծնված մանուկների բուժման այս ձևը վերջին տասնհինգ տարիների ընթացքում լայնորեն կիրառվել է Եվրոպայում և ԱՄՆ-ում: Այս նախաձեռնության շնորհիվ, Հայաստանում ծնված երեխաները ևս ստանում են անհրաժեշտ աջակցություն: 




Լրահոս