Քիչ առաջ Armlur.am-ին ահազանգեց Արթիկ ՔԿՀ բանտարկյալ Արտակ Հակոբյանի կինը` Կարինե Հակոբյանը, և հայտնեց, որ արդեն 15 օր է` ամուսնուն և մի քանի այլ բանտարկյալների չի հատկացվում պարտադիր անհետաձգելի բժշկական օգնություն:
Հակոբյանի խոսքերով, APAORIN(DIAZEPAM) կոչվող դեղորայքը, որը պարտադիր պետք է տրամադրվի բանտարկյալներին, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չեն հատկացնում:
«ՔԿՀ պետի տեղակալ Ռոբերտ Պետոյանն ասում է, թե բուժվարչության պետ Սարգիսովն է, որ չի տրամադրում: Պետոյանն անընդհատ կրկնում է, որ եթե լինի իրենք անպայման կտան: Սակայն մեզ անգամ լուրեր են հասել, որ այդ դեղորայքի յուրաքանչյուր ամպուլան ՔԿՀ աշխատակիցները վաճառում են 15 հազար դրամով»,- իր խոսքում նշեց բանտարկյալի կինը` հավելելով, որ ՔԿՀ պետի տեղակալն իրենց հայտնել է, որ իրենք ունեն դեղահաբերը, սակայն սրվակները բուժվարչությունը չի տրամադրում:
Armlur.am-ը կապ հաստատեց ՔԿՀ հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանի հետ, ով հերքեց այս լուրը` նշելով, որ եթե անգամ պահեստում համապատասխան դեղորայքը չի լինում, ՔԿՀ-ն արագ ձեռք է բերում և տրամադրում բանտարկյալներին:
Այդուհանդերձ, բանտարկյալները պնդում են, որ եթե շարունակվի նույն վերաբերմունքն ու անտարբերությունն իրենց առողջության նկատմամբ, իրենք կկարեն իրենց աչքերն ու բերանը, հացադուլ կհայտարարեն և այլ ինքնավնասումներ կանեն:
Բանտարկյալների համոզմամբ` ՔԿՀ աշխատակիցները չեն տրամադրում դեղորայքը` նպատակ ունենալով դրդել իրենց ինքնավնասումների դիմել:
Տաթև Հարությունյան