Նիժնի Նովգորոդի մարզի օրենսդիր ժողովի պատգամավոր Անտոն Անանյինը առաջարկել է քաղաքի անանուն զբոսայգին անվանակոչել ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկու անունով եւ այնտեղ տեղադրել քաղաքական գործչի հուշարձանը։
«Նամակ եմ գրել Նիժնի Նովգորոդի մարզի նահանգապետ Գլեբ Սերգեեւիչ Նիկիտինին՝ մեր տարածաշրջանում Վ.Վ. Ժիրինովսկու հիշատակը հավերժացնելու առաջարկությամբ», – հայտնել է Անանյինը իր Telegram-ալիքում։
Լիբերալ-դեմոկրատական խմբակցության անդամը հրապարակել է նահանգապետին ուղղված պաշտոնական նամակի պատճենը, որտեղ խնդրում է աջակցել իր նախաձեռնությանը։
«Առաջարկվում է Վլադիմիր Ժիրինովսկու անունով կոչել Գագարինի պողոտայի երկայնքով՝ №104-ից մինչեւ №118 տան հատվածում գտնվող անանուն զբոսայգին։ Որպես հուշարձանի տեղադրման վայր առաջարկվում է զբոսայգու տարածքը №108-ից մինչեւ №110 տան դիմաց՝ Վոլոգդինա փողոցի դիմաց», – նշված է նամակում։
Ընդգծվում է, որ հուշարձանի կառուցումն ու հարակից տարածքի բարեկարգումը կիրականացվի մասնավոր ներդրումների հաշվին։
Անանյինը նահանգապետին խնդրել է «աջակցել թույլտվությունների արագացման գործընթացին», որպեսզի հուշարձանը բացվի 2026 թվականի ապրիլին՝ Ժիրինովսկու ծննդյան օրը։
Հիշեցնենք, որ ռուս քաղաքական գործիչ, արեւելագետ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր եւ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին մահացել է 2022 թվականի ապրիլի 6-ին՝ երկարատեւ հիվանդությունից հետո։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել 2026 թվականին անցկացնել միջոցառումներ՝ նվիրված Ժիրինովսկու 80-ամյակին, իսկ կազմակերպչական կոմիտեի նախագահ է նշանակվել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Անի Վարդանյան

























