Armlur.am լրատվականի հավաստի տեղեկություններով՝ ՕԵԿ քաղխորհրդի նիստը բավական հետաքրքրիր է անցել: Ինչպես հաղորդում են մեր լավատեղյակ աղբյուրները, ՕԵԿ քաղխորհրդի տասհոգանոց նիստում կոալիցիայից դուրս գալու ու ընդդիմություն դառնալու որոշումը ընդունվել է 6 հոգու կողմից, քանի որ քաղխորհրդի անդամ Կարեն Բոթոյանը Հայաստանում չէ, իսկ ՕԵԿ նախարարները չեն մասնակցել քաղխորհրդի նիստին:
Այսպես`քաղխորհրդի նիստից առաջ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն առանձին խոսել է ՕԵԿ-ից արդեն դուրս եկած երեք նախարարի` Արմեն Երիցյանի, Սերգո Կարապետյանի ու Սամվել Թադևոսյանի հետ և նրանց հայտնել ՕԵԿ-ի՝ ընդդիմադիր դառնալու մասին: Նախարարներն էլ ի պատասխան ասել են, որ եթե ՕԵԿ-ը դուրս է գալիս կոալիցիայից ու դառնում ընդդիմադիր, իրենք դուրս կգան կուսակցությունից:
Ի դեպ, երբ նախարարները մտել են Արթուր Բաղդասարյանի հետ զրուցելու, Հեղինե Բիշարյանը դուրս է եկել Արթուր Բաղդասարյանի աշխատասենյակից և թուղթ ու գրիչ պահանջել, որպեսզի նախարարները կուսակցությունից դուրս գալու դիմումներ գրեն:
Դիմումները գրելուց հետո նախարարներն ասել են. «Մենք ՕԵԿ-ի քաղխորհրդի նիստին չենք մասնակցում» ու հետնամուտքով դուրս եկել՝ լրագրողների հարցերին չպատասխանելու համար:
Թեև նախարարների այդ քայլը մինչև հոգու խորքը վիրավորել է Արթուր Բաղդասարյանին, սակայն վերջինս՝ հավատարիմ ՕԵԿ-ականների` Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի հետ մի բաժակ «Հայասի» կոնյակով և հերթապահ նախադասություններով ու արտաքուստ ուրախ ժպիտներով բեղմնավոր գործունեություն ու բարի ճանապարհ են մաղթել ՕԵԿ-ը լքած նախարարներին:
«Իսկ ո՞ւր է Կարենը»,- հարցրել է Արթուր Բաղդասարյանը` մտածելով, որ չլինի՞ Կարենն էլ է լքել կուսակցությունը, ում ի պատասխան տեղեկացրել են, որ նա Հայաստանում չէ:
Ի դեպ, հիշեցնենք, որ նախկինում ՕԵԿ քաղխորհրդի անդամ էր նաև Խաչիկ Հարությունյանը, ով ևս դուրս է եկել կուսակցությունից:
Արմեն Երիցյանին, Սերգո Կարապետյանին ու Սամվել Թադևոսյանին ճանապարհելուց հետո ՕԵԿ ղեկավարը քաղխորհրդի մնացած անդամներին ևս մեկ անգամ ու արդեն վերջնական հայտնել է կուսակցության ինքնամաքրվելու ու ընդդիմադիր դառնալու մասին: Վերջիններս էլ միաձայն ասել են` ոնց ասեք, պրն. Բաղդասարյան: Արթուր Բաղդասարյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր մտերիմ ընկերն է, տեղյակ է` ՕԵԿ-ի ընդդիմադիր դառնալու մասին և վախենալու ոչինչ չունի:
Այն, որ Արթուր Բաղդասարյանը քաղխորհրդի նիստ է անցկացրել իր հավատարիմ ՕԵԿ-ականների հետ, պատահական չէ, քանի որ 2-3 ամիս շարունակ այդ նույն կազմի հետ թաքուն, առանց ՕԵԿ արդեն նախկին նախարարների, խորհրդակցություններ է անցկացրել և խոսել կուսակցության ինքնամաքրման մասին:
Հետևաբար, նախարարների համար պատահական չէր կուսակցության նման որոշումը:
Փորձեցինք տեղեկությունը ճշտել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից: Վերջինս, սակայն, հերքեց այն տեղեկությունը, թե նախարարները չեն մասնակցել քաղխորհրդի նիստին: Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, թե Սերժ Սարգսյանը տեղյակ է ՕԵԿ-ի այդ որոշումից, պրն. Միսակյանի խոսքով` այդ որոշումը կայացրել է բացառապես ՕԵԿ-ը, որևէ այլ մարդու միջամտություն, որևէ մեկին տեղյակ պահելու կամ որևէ մեկի հետ քննարկելու հարց չկա:
Սոնա Դավթյան