Armenian text to speach

Վինսենթ վան Գոգ. երազի եւ իրականության սահմանագծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ես երազում եմ իմ նկարի մասին, հետո նկարում այն….» – այս խոսքերով պոստիմպրեսիոնիզմի մեծ վարպետ Վինսենթ վան Գոգը բացում է իր արվեստի էության մի գեղարվեստական մուտք, որի միջով կարելի է տեսնել ինչպես են երազն ու իրականությունը միաձուլվում նրա խոցելի ու բարդ հոգում։
Վան Գոգը մեր օրերում գնահատվում է որպես գեղանկարչության պատմության ամենաուշագրավ դեմքերից մեկը, թեպետ իր ապրած օրերին նրան հաճախ անվանեցին խենթ, չհասկացան, մերժեցին։ Նկարիչն ապրեց հակիրճ կյանք, սակայն թողեց մի ժառանգություն, որն իրապես փոխեց արվեստի նկատմամբ ընկալումը։
Հուլիսի 29-ին աշխարհը հիշում է հանճարեղ նկարչին, որի ստեղծագործական ուղին դարձավ ոչ միայն գեղանկարչության պատմության պայծառ էջերից մեկը, այլեւ մարդկային ճակատագրի բարդ ու ողբերգական խորհրդանիշ։ Նրա կյանքի եւ արվեստի ճանապարհը լի էր ներքին պայքարով, հավատով, որը թեպետ ուղեկցվեց նաեւ հուսահատությամբ, ի վերջո, սակայն, այն լի էր անզուգական գեղարվեստական հայտնություններով։

Նիդեռլանդներում ծնված (1853 թ.) Վինսենթ Ուիլլեմ վան Գոգը երիտասարդ տարիքում ձգտում էր դառնալ հոգեւոր գործիչ, սակայն կյանքի ճանապարհը նրան տարավ դեպի արվեստ՝ գեղանկարչություն։ Սկզբնական շրջանում նա ստեղծագործում էր խիստ, մռայլ գույներով՝ կենտրոնանալով աշխատավոր ժողովրդի կյանքի վրա։ Նրա հայտնի «Կարտոֆիլ ուտողներ»-ը ոչ միայն իր առաջին խոշոր աշխատանքներից է, այլեւ տպավորիչ սոցիալական մեկնաբանություն մարդկային դիմացկունության ու տխուր առօրյայի մասին։
1886-ին Փարիզ տեղափոխվելով՝ Վան Գոգը փոխում է իր գունային լեզուն։ Այստեղ նա շփվում է իմպրեսիոնիստների եւ ավանգարդ արվեստագետների հետ։ Գույները նրա կտավներում այլեւս ճնշող չեն, այլ դառնում են վառ, հուզական, նույնիսկ տենդագին։ Առլի շրջանը դառնում է նրա արվեստի նոր գագաթնակետը. այստեղ են ծնվում «Արեւածաղիկները», «Դեղին տունը», «Ննջասենյակը Առլում» եւ հետաքրքիր այլ ստեղծագործություններ։ Վան Գոգի գեղանկարչությունը մեխանիկորեն չի պատճենում իրականությունը, այլ զգայական աշխարհով անցկացնելով՝ փոխանցում է այն գույնի ու վրձնի հարվածների լեզվով։

Սակայն, ինչպես հաճախ է պատահում հանճարեղ արվեստագետների կյանքում, ստեղծագործական բարդ ուղին ընդհատվում է նրա առողջական վիճակի տատանումներով։ Նրա հոգեկան վիճակը օրեցոր սկսում է վատթարանալ, միայնությունն ու թախիծը միայն խորացնում են նկարչի հոգեկան խոցվածությունը։ 1889 թվականին Առլի բնակիչները բողոք են ներկայացնում քաղաքապետարան՝ խնդրելով իրենց ազատել այդ «կարմրահեր խենթի» ներկայությունից: Վան Գոգն ինքնակամ որոշում է հոգեբուժարան գնալ: Հետաքրքիրն այն է, որ հենց այնտեղ են ստեղծվում նրա ամենասիրված եւ խորհրդանշական գործերից մի քանիսը։

Թեեւ եղբոր՝ Թեոյի օգնությամբ նա 1890-ին վաճառում է «Առլյան կարմիր խաղողի այգիներ» կտավը, սակայն հոգեկան կայուն վիճակը արդեն անդառնալի էր։ Նույն թվականի հուլիսի 27-ին Վան Գոգը դուրս է գալիս նկարելու… Սակայն, կրակում է ինքն իր վրա, ապա ինքնուրույն վերադառնում հիվանդանոց, պառկում անկողնում եւ սկսում հանգիստ ծխել. նկարիչը մահանում է դեպքից երկու օր անց՝ հուլիսի 29-ին՝ թողնելով վերջին խոսքը. «Թախիծը հարատեւ է….»։

Վան Գոգի մահից հետո միայն աշխարհը սկսեց հասկանալ ու գնահատել նրան։ Նրա նամակները՝ ուղղված Թեոյին, այսօր դիտվում են որպես նկարչի արվեստի, հուզական դրսեւորումների յուրահատուկ վկայագրեր, իսկ կտավները պահվում են աշխարհի մեծագույն թանգարաններում։ Վան Գոգի կյանքին ու ստեղծագործական ուղուն են նվիրված մի շարք ֆիլմեր, գրքեր, ցուցահանդեսներ, իսկ նրա ոճը դարձավ մի ամբողջ սերնդի գեղարվեստական ոգեշնչման աղբյուր։

Անի Վարդանյան




Լրահոս