Հեղուկ գազի գինը կարճ ժամանակում 100 դրամից վերջին մեկ շաբաթվա ընթացքում հատել է գրեթե կրկնակիի սահմանը։ Եթե նախկինում մեկ լիտր հեղուկ գազը արժեր 100-110 դրամ, ապա այժմ որոշ լցակայաններում այն հասել է 170-180 դրամ եւ ավելիի։
Այս անսպասելի թանկացումը հարուցել է դժգոհություն թե՛ վարորդների, թե՛ տնտեսվարողների շրջանում, հատկապես նրանց, ովքեր հեղուկ գազով աշխատող տրանսպորտային միջոցներ են շահագործում։
Նշենք, որ հեղուկ գազը՝ որպես համեմատաբար մատչելի վառելիք, լայնորեն օգտագործվում է տրանսպորտում, եւ հատկապես մասնավոր ու հանրային փոխադրումների ոլորտում։
Թեեւ պաշտոնական մարմինները դեռ չեն ներկայացրել հստակ մեկնաբանություն, ոլորտի մասնագետները նշում են մի քանի հավանական պատճառ՝ արտաքին մատակարարումների խաթարում կամ սահմանափակումը, միջազգային շուկաներում գների տատանումը, տնտեսական կամ քաղաքական զարգացումները ՌԴ-ում, որտեղից էլ հիմնականում ներկրվում են Հայաստանի հեղուկ գազի պաշարները եւ որով պայմանավորված են մաքսային կամ լոգիստիկ ծախսերի աճը։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ թվարկված խնդիրներից զատ կա եւս մեկ խնդիր. Հայաստանում գազի գինը ոչ կառավարելի է եւ առաջացնում է տնտեսվարողների միջեւ մրցակցության խնդիր։
«Հեղուկ գազի վրա ազդում են ինչպես ներքին այնպես էլ արտաքին գործոնները։ Արտաքին գործոններից է Վերին Լարսի անցակետի գերծանրաբեռնվածությունը, որի պատճառով ուշանում են ներկրումները, որը առաջացնում է որոշակի ժամանակահատվածում դեֆիցիտ։ Բացի դրանից, պայմանավորված նաեւ Իրան-Իսրայել հակամարտությամբ, որոշակի անորոշ եւ ռիսկային իրավիճակ է ստեղծվել նաեւ էներգետիկ շուկայում։ Ներքին գործոններից կարող եմ նշել, որ կան մի քանի խոշոր տնտեսվարողներ, ովքեր գին են թելադրում։ Նույնիսկ Էկոնոմիկայի նախարարությունն է արձանագրել, որ հեղուկ գազով լի մեքենաները մտնում են Հայաստան, բայց հեղուկ գազի գինը չի իջնում, այլ բարձրանում է։ Մենք ունենք մրցակցային խնդիր տնտեսվարողների միջեւ»,- նշում է Պարսյանը։
Տնտեսագետը պնդում է, որ այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է Հայաստանում պահեստավորել հեղուկ գազը եւ նման ներքին եւ արտաքին խնդիրների դեպքում անհրաժեշտության դեպքում հեղուկ գազն օգտագործել այդ պահեստից:
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն էլ խնդրի բարձրաձայնումից հետո գրել էր. «Միայն երեկ (հուլիսի 18) ՀՀ է մտել հեղուկ գազով բեռնված 77 մեքենա։
Վերջին 1 շաբաթում թիվը կազմել է 331 մեքենա։
Կարծում եմ՝ ժամանակն է, որ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զբաղվի հեղուկ գազի շուկայում գների փոփոխության հարցով»,- գրել էր նախարարը։
Հարկ է նշել, որ խնդրի լուծման եղանակները փնտրելու փոխարեն Գեւորգ Պապոյանը պարբերաբար վիճակագրական տվյալներ է հրապարակում, սակայն այդ թվերը ոչինչ չեն ասում, ոչ էլ խնդիր են լուծում։ Գեւորգ Պապոյանն այս մարտավարությամբ էլ «հասարակության աչքերին թոզ էր փչում», որ կոնյակագործների խնդիրը լուծվել է: Նա պարբերաբար հրապարակում էր սահմանը հատած մեքենաների թիվը, սակայն տնտեսվարողների խնդիրն այդպես էլ չլուծվեց, անգամ Վրաստանի հետ բանակցությունների փուլը անարդյունք որակվեց։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից Պապոյանի հորդորին արձագանքել էին, որ ուսումնասիրություն է սկսվում հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացների եւ դրա առնչությամբ խնդիրների վերաբերյալ։
Տնտեսվարողների քանակը հատում է գրեթե 90-ի սահմանը եւ վերջնական եզրակացություն դեռ չկա։
Հարկ է նշել, որ այս գեղեցիկ թվերը, միեւնույնն է, չեն կարգավորում ոլորտի քաոսային իրավիճակը, քանի որ գազատարների մուտքին զուգահեռ հեղուկ գազի գինն աճում ու աճում է, իսկ ոչ բարեխիղճ տնտեսվարողները, առիթից օգտվելով, սահմանում են ամենաթանկ գինը, որը հեղուկ գազի համար սեզոնին ոչ հատուկ արժեք է։
Վարորդները հեղուկ գազի գնի վերաբերյալ մեծ դժգոհություններով ողողել են համացանցը եւ հարցեր են բարձրացնում, որոնք այդպես էլ պատասխաններ չեն ստանում։
Հուլիսի 11-ին հայտնել էինք, որ ավելի քան 100 գազատար մեքենա մնացել է Վրաստանում եւ չի կարողանում հատել հայ-վրացական սահմանը, ինչը հանգեցրել է գազի գների կտրուկ աճի։ Թե այս պահին որքան մեքենա կա սահմանին, հայտնի չէ: Հեղուկ գազի գինն այս պահին 180 դրամ է։
ArmLur.am-ի հետ զրույցում «Գազ-Պրոպան» հեղուկ գազի խոշոր ներկրող ընկերությունից պնդեցին, որ խնդիրը դեռ վերջնական լուծված չէ, եւ մեքենաներ կան, որ դեռ սահմանը հատելու սպասման փուլում են գտնվում։
Ստացվում է, որ կոնյակի դեպքում տնտեսվարողներն էին մեծ վնաս կրողները, հիմա էլ գազի թանկացման պատճառով վնաս կորղները սպառողներն են՝ վարորդները։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ























