«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվել է «Լուծումներ համագործակցության միջոցով» խորագրով «Գոտի եւ ճանապարհ» թանգարանային միջազգային համաժողովը:
«Թանգարանները վաղուց միայն պատմական իրեր ցուցադրող վայրեր չեն։ Դրանք մշակութային ինքնության պահպանման, կրթության, փոխանակման եւ զարգացման հարթակներ են», – այս միտքը շեշտեց ՀՀ-ում Իրանի դեսպանատան Մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդը համաժողովի իր ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ ժամանակակից փոփոխությունների պայմաններում թանգարանների դերը պետք է վերաիմաստավորվի։ Դրանք պետք է դառնան ինքնության պահպանման, մշակութային երկխոսության եւ համագործակցության գործիք։ Իրանում թանգարանները դիտարկվում են որպես ազգի հիշողության տարածքներ, որտեղ պահպանվում են լեզու, հավատք, արվեստ, ճարտարապետություն եւ կենսակերպ։
Իրանը, որն ունի ավելի քան 700 պաշտոնական թանգարան, համարվում է թանգարանային բազմազանության երկիր։ Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանը, իսլամական դարաշրջանի թանգարանը, Գոլեստանի պալատը, Հեգմաթանեհը, գորգերի եւ Սրբազան պաշտպանության թանգարանները ներկայացնում են տարբեր ժամանակաշրջանների նյութական եւ հոգեւոր ժառանգություն։
Մովահեդը նշեց, որ թանգարանները կարող են խթանել տուրիզմը, ձեռագործության զարգացումը եւ կրթական միջավայր ստեղծել։ Զբոսաշրջիկների 40%-ից ավելին շարժվում է մշակութային հետաքրքրություններով, ինչը մեծ ներուժ է հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսին Իրանն է։ Իրանի մշակութային կենտրոնը պատրաստ է համագործակցել հայկական թանգարանների հետ՝ կազմակերպելով համատեղ ցուցահանդեսներ, վիրտուալ շրջագայություններ, բովանդակության թարգմանություն եւ մասնագետների փոխանակում։
«Թանգարանները դարերի փորձը ներկա սերնդին փոխանցող կամուրջներ են», – ընդգծեց Մովահեդը։
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ























