Armlur.am-ը Ազգային գրադարանի խնդիրների, ընթերցանության դինամիկայի, թվայնացման գործընթացի տեմպերի և այլ հարցերի շուրջ զրուցեց Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի հետ:
– Ի՞նչ ընթացքի մեջ է թվայնացման գործընթացը: Մինչ այժմ քանի՞ գիրք է թվայնացվել:
– Մինչ այժմ թվայնացվել է 1.300.000 էջ, որը հիմնականում կազմում է գիրք, հանդես, թերթ: Ամեն շաբաթ մեր կայքը թարմացվում է: Դա քիչ տոկոս կկազմի:
Մոտավոր հաշվարկներով` մենք մոտ 20 մլն տպագիր նյութ ունենք: Բայց արագությունը գնալով կմեծանա, որովհետև թվայնացման սարքերն ենք շատացնում: Ես գոհ եմ թվայնացման աշխատանքների տեմպերից:
– Ընթերցողների քանակի դինամիկան ինչպիսի՞ն է :
– Ընթերցողներ շատ կան թե՛ Երևանի գրադարանում, թե՛ մարզերի: Եթե լավ գրականություն լինի, բնականաբար, ընթերցողներ կլինեն: Շատ գրադարաններ կան, որտեղ թերթեր չեն ստանում, հիմնականը համալրման խնդիրն է: Հատկապես երիտասարդ ընթերցողների թիվն ավելանում է:
– Գրականության համալրումը ի՞նչ միջոցներով է կատարվում:
– Համալրումը հիմնականում կատարվում է պետբյուջեի հաշվին, մենք ունենք տարբեր աղբյուրներ` նվիրատվություններ, գրքափոխանակություն: Հիմնականում պետությունը մեզ գումարը տալիս է՝ մենք տարբեր տեղերից գնում ենք: Շատ հաճախ մարդիկ բերում նվիրում են: Մենք լրացուցիչ գումարներ ենք ստանում համալրման համար, պետության կողմից ինչ-որ բաներ կան, որ արվում է:
– Որքա՞ն գումար են աշխատողները ստանում:
– Աշխատավարձերը հուլիս ամսից պետք է բարձրանան: Բոլորս անհամբեր սպասում ենք այդ օրվան: Աշխատավարձի բարձրացման չափը կախված է հաստիքներից: Բարձրացումը կլինի այնքան, որ բարձրի ու ցածրի ճեղքվածք չլինի: Այժմ ամենացածր աշխատավարձը կազմում է 60,000 դրամ, բնականաբար քիչ է:
– Անդրադառնանք գրադարանի խնդիրներին: Ի՞նչ վիճակում են գտնվում մարզային և համայնքային գրադարանները: Ի՞նչ խնդիրներ ունեն:
– Մարզայինների վիճակը լավ չի: Դա կապված է նոր գրականության հետ, եթե նոր գրականություն շատ ստանան, նման խնդիրներ չեն լինի: Եթե մենք էլ համալրում չունենանք, լավ չենք կարող աշխատել: Մարզերում կան գրադարաններ, որոնք լավ վիճակում են գտնվում, մենք էլ ենք օգնում, սակայն համայնքային գրադարանների հարցը դա համայնքների խնդիրն է: Մարզային գրադարաններ ասելով նկատի ունեմ այն տասԸ գրադարանները, որոնք գործում են Մշակույթի նախարարության հովանու ներքո:
Համայնքային գրադարանները մեր խնդիրը չեն: Համայնքային գրադարանները համայնքապետերն են ղեկավարում: Համայնքապետը պետք է իր գրադարանին տիրություն անի: Եթե գյուղապետն անգրագետ լինի՝ բնականաբար տիրություն չի անի:
– Իսկ դուք ինչպե՞ս եք օգնում այդ գրադարաններին:
– Մենք պարբերաբար իրենց օգնում ենք: Բայց համալրում Մշակույթի նախարարությունն իրենց համար չի կարող անել: Դա քաղաքապետարանի գործն է: Հիմա եթե քաղաքապետը, համայնքապետը լավը լինի, հասկանա գրքի արժեքը, կօգնեն, անտարբեր, կիսագրագետ մարդ լինի, կասի եկեք գրադարանը փակենք` տեղը տուն սարքենք :
Նաիրա Հովհաննիսյան