Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հրամանագիր է ստորագրել, որով օգոստոսի 15-ից երկրում ինտերնետի նկատմամբ պետական մենաշնորհ է սահմանվելու: Պետական «Էլկատ» ՍՊԸ-ն կդառնա երկրի միակ ինտերնետ օպերատորը: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:
Երկրի մյուս բոլոր ինտերնետ օպերատորները, հրամանագրով, պարտավոր են երկու ամսվա ընթացքում իրենց գործող պայմանագրերը փոխանցել «Էլկատ»-ին։
Լրատվական գործակալությունների կողմից մեջբերված փաստաթղթի տեքստի համաձայն՝ այս միջոցառումը ժամանակավոր է և կտևի 2025 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 14-ը։
Այսօր ժապարովը նաև ստորագրել է պոռնո կայքերն արգելող օրենք, որի նպատակն է «պաշտպանել հասարակության բարոյական և էթիկական արժեքները»: Օրենքի համաձայն՝ ինտերնետ մատակարարները և կայքերի սեփականատերերը պետք է հեռացնեն պոռնոգրաֆիկ բնույթի տարրեր պարունակող բովանդակությունը վերահսկող մարմինների պահանջից հետո 24 ժամվա ընթացքում:

























































































