Համակարգային փոփոխություններ իրականացնելու ՀՅԴ յոթ առաջարկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ-ն հայտարարություն է տարծել, որտեղ ներկայացրել է համակարգային փոփոխություններ իրականացնելու իրենց 7 առաջարկները:

Ստորեւ ներկայացնում ենք դրանք.

«1. Անցում կատարել խորհրդարանի ընտրության 100 տոկոս համամասնական սկզբունքի: Ձեւավորել լիարժեք անկախ ընտրական համակարգ, ստեղծել երաշխիքներ` բացառելու ընտրակեղծիքները, ընտրակաշառքը եւ պետական-վարչական ռեսուրսի օգտագործումը:

2.  Անցում կատարել կառավարման խորհրդարանական ժամանակակից համակարգի:

3. Օրենքով երաշխավորված գործուն լծակներ տրամադրել ընդդիմությանը՝ ձեւավորելով իշխանություն-ընդդիմություն միասնական պետական կառավարման համակարգ: Ստեղծել հակակոռուպցիոն գործակալություն, որի ղեկավարի, ինչպես նաեւ Վերահսկիչ պալատի, Քաղաքացիական ծառայության խորհրդի, Տնտեսական մրցակցության պաշտպանության եւ Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը վերապահել խորհրդարանական ընդդիմությանը:

4. Հստակ արտահայտված կամք դրսեւորել եւ գործուն մեխանիզմներով տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը,  դատական իշխանության լիարժեք անկախությունը։ Կադրային քաղաքականության մեջ առաջնորդվել անձի արհեստավարժության եւ հանրային վստահության չափանիշներով, պետական կառավարման համակարգում հրաժարվել համատարած կուսակցականացման արատավոր գործելաոճից:

5. Սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմքում դնել կենսաապահովման նվազագույն բյուջեն, միջսերնդային եւ ներսերնդային համերաշխությունը: Արմատական փոփոխության ենթարկել տնտեսական քաղաքականությունը` նպատակ եւ արդյունավետության գնահատման չափանիշ դարձնելով տնտեսական զարացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, արժանապատիվ վարձատրությունը, աղքատության կտրուկ նվազեցումը, միջին խավի տեսակարար կշռի մեծացումը եւ ատագաղթի կասեցումը:

6. Երկրում արդարության ու վստահության մթնոլորտ ստեղծելու նպատակով ապահովել արդար բիզնես միջավայր, բացառել քաղաքական շարժառիթներով հասարակական եւ տնտեսական կյանքին միջամտությունը, ոչ բնական մենաշնորհները, արտոնություններ տալ փոքր ու միջին բիզնեսին, քաղաքացիներին մասնակից դարձնել որոշումների ընդունմանը:

Արագ լուծում տալ լայն հնչեղություն ստացած եւ ժողովրդին հուզող հրատապ խնդիրներին (օրինակ` պարտադիր կուտակային վճարներ, արագաչափեր, կարմիր գծեր, տրամսպորտի փոխադրավարձ, ԱՊՊԱ սակագին, գյուղատեսության վնասներ, փոքր ու միջին բիզնեսի հարկային դրույքաչափեր եւ այլն):

7. Արտաքին քաղաքականության մեջ որդեգրել ազգային-պետական այնպիսի ուղեգիծ, որի գերխնդիրն է հայկական պետականության անկախության, անվտանգության եւ ինքնուրույնության ապահովումը:

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է բխի ազգային անվտանգության ռազմավարությունից՝ չվտանգելով հայ ժողովրդի նպատակների իրականացման, պատմական արդարության վերականգնման հեռանկարը: Ետ կանչել Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից:

Ամրագրել, որ ԼՂՀ հիմնախնդրի լուծման հիմքը Արցախի բնակչության համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ արտահայտված կամքն է: Բանակցություններում ապահովել ԼՂՀ մասնակցությունը, կարգավիճակի եւ անվտանգության առաջնայնությունը: Հարկ եղած դեպքում ԼՂՀ-ի հետ կնքել ռազմաքաղաքական դաշինք»:




Լրահոս