ArmLur.am-ի տեղեկություններով դատավոր Վազգեն Ռշտունու որոշումը ՔՊ-ականների շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել եւ վերջիններս գրառում են կատարում, թե հանրապետության վարչապետին, ԱԺ նախագահին սպանելու պլան կազմած սարկավագը ազատ է արձակվում, երբ ծրագիր ունենալը հիմնավորվում է գաղտնալսումներով։
Դատախազության ներկայացրած գաղտնալսումներում սարկավագին վերագրվում են հետևյալ մտքերը․ «Հ.Հակոբյան (Հրայր սարկավագ)- Իգոր, եթե Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից: Ի.Սարգսյան- Ցմահ կտան, եթե ողջ մնաս: Հ.Հակոբյան- Իսկ եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն, իրանցից էլ իշխանության մարդ չի գա, չէ՞: Իշխանությունը կփոխվի ու իմ հետ ոչ մի բան չի լինի: Էդ երեքին մի տեղ բռնացնենք: Ի. Սարգսյան- Չգիտեմ»: Մեզ հետ զրույցում բանտից քիչ առաջ Հրայր Սարկավագին դիմավորած փաստաբան Հովսեփ Սարգսյանը նշեց «ի սկզբանե Հրայր սարկավագի Հակոբյանի հետ խոսել եմ, փորձել էի ճշգրտել՝ արդյո՞ք այս մտքերը նրանն են: Նա ըստ էության հերքել էր , ասել էր , որ իրեն վերագրվող խոսքերն իրեն չեն պատկանում և խոսակցությունն ընդհանուր բովանդակությունից կտրված է»
Ավելին, Հովսեփ Սարգսյանը հայտնեց,որ դատարան ներկայացված նյութերում որեւէ նման տվյալ առկա չի եղել ,որ սարկավագը նման արտահայտություններ է արել։























