ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը մտադիր է 25% մաքսատուրք սահմանել Հնդկաստանից ներմուծվող ապրանքների վրա։ Այս մասին նա հայտնել է լրագրողներին իր ինքնաթիռում՝ Աբերդինից Վաշինգտոն մեկնելիս, հաղորդում է TASS-ը։
«Նրանք կվճարեն 25%», – ասել է Թրամփը:
Լրագրողների հարցին, թե արդյոք Հնդկաստանի հետ գործարքը վերջնականացված է, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Գիտեմ, որ դա դեռ կարգավորված չէ»։
«Կտեսնենք։ Հնդկաստանը լավ ընկեր է եղել, բայց Հնդկաստանը, ըստ էության, ավելի շատ մաքսատուրք է սահմանել, քան գրեթե ցանկացած այլ երկիր։ … Բայց հիմա ես եմ ղեկավարում, եւ պարզապես հնարավոր չէ այդպես շարունակել», – ընդգծել է Թրամփը։
Ավելի վաղ The Indian Express-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Հնդկաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ նոր առեւտրային համաձայնագրի շուրջ խորհրդակցությունները փակուղում են հայտնվել՝ բանակցային գործընթացում զգալի առաջընթացի բացակայության պատճառով։ Թերթի տվյալներով՝ Վաշինգտոնը պնդում է, որ ամերիկյան ապրանքները մաքսազերծ մուտք ունենան հնդկական շուկա, մինչդեռ Նյու Դելիի պահանջն է, որ ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը հնդկական ապրանքների վրա չգերազանցեն 15%-ը։ Բացի այդ, Հնդկաստանը հայտնել է, որ պատրաստ է գնել ամերիկյան զենք, բնական գազ եւ միջուկային ռեակտորներ։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի

























































































