Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին՝ ՀԱՄԱՍ-ի «հրեշավոր ահաբեկչությունը» խրախուսելու մեջ, այն բանից հետո, երբ Լոնդոնը հայտարարեց Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու ծրագրերի մասին։«Սթարմերը խրախուսում է ՀԱՄԱՍ-ի հրեշավոր ահաբեկչությունը եւ պատժում է դրա զոհերին», – գրել է Իսրայելի կառավարության ղեկավարը X սոցիալական ցանցում։
Նեթանյահուն նաեւ հավելել է. «Այսօր Իսրայելի սահմանին ջիհադիստական պետության ստեղծումը վաղը սպառնալիք կլինի Բրիտանիայի համար», ընդգծելով, որ «դա չի լինելու»։
Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Իսրայելը մերժում է Սթարմերի հայտարարությունը՝ այն որակելով որպես «պարգեւ ՀԱՄԱՍ-ին»։ ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Լոնդոնի ծրագրերը վնասում են Գազայում հրադադարի եւ պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության հասնելու ջանքերին։
Երեքշաբթի օրը Սթարմերի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է ճանաչել Պաղեստին պետությանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սեպտեմբերյան նստաշրջանից առաջ, եթե Իսրայելը շարունակի արգելափակել հումանիտար օգնությունը Գազա եւ ռազմական գործողություններ իրականացնել անկլավում։
Հիշեցնեք, որ հուլիսի 24-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել էր, որ Փարիզը եւս պատրաստ է սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ճանաչել Պաղեստինը որպես անկախ պետություն։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի





























