Վանաձորում եւ Գյումրիում շուրջօրյա որակյալ ջրամատակարարում կապահովվի: Այսօրվա՝ ապրիլի 17-ի նիստում, կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Հայաստանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի իրականացման ֆինանսավորման համաձայնագրի 15 մլն եվրո արժողությամբ նախագծին:
Երեք փուլից բաղկացած ծրագրի առաջին փուլն արդեն ավարտվել է, երկրորդն իրականացվում է: Բարեփոխման շարունակությունն ապահովելու նպատակով KfW բանկի հետ հստակեցվել է նաեւ ծրագրի երրորդ փուլի ծավալը: Ավարտին է հասցվելու Վանաձոր եւ Գյումրի քաղաքների ջրամատակարարման ներքին եւ արտաքին ցանցերի լիարժեք վերականգնումը՝ ապահովելով շուրջօրյա որակյալ ջրամատակարարում:
Անհրաժեշտություն է առաջացել համաճարակի առաջացման բարձր ռիսկային գոտում գտնվող Արմավիրի տարածաշրջանում կառուցել կեղտաջրի մաքրման կայան:
Առաջին անգամ 10 մլն եվրո ֆինանսավորմամբ ներդրումային ծրագիր է նախատեսվում ջրամատակարարման ընկերությունների սպասարկման տարածքից դուրս գտնվող 560 համայնքում:
Ֆինանսավորման համաձայնագիրը ստորագրելու լիազորություն է տրվել ՀՀ ֆինանսների նախարարին եւ ՀՀ ՏԿՆ ջրտնտպետկոմի նախագահին: