Armenian text to speach

Ինչ իրավիճակ է հեղուկ գազի շուկայում. Պապոյանը հիմա էլ այլ «մեղավոր» է գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, քանի որ որևէ բան այլևս չի կարող անել հեղուկ գազի գնի շուկայում առկա խայտառակ իրավիճակի հետ կապված, որոշել է մեղքը բարդել մեկ այլ գերատեսչության վրա:

Ի պատասխան սոցցանցերի օգտատերերից մեկի հարցին`հեղուկ գազի գնի բարձրացման վերաբերյալ, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն հայտարարել էր, որ տվյալ խնդիրը գտնվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավասության դաշտում, նշելով, որ քաղաքացիների դիմումները վերահասցեագրվել են համապատասխան մարմիններին։

Օգտատերը, սակայն, արձագանքել էր՝ ընդգծելով, որ մինչ պատկան մարմինները սկսեն ուսումնասիրել հարցը, շուկայում տիրապետող դիրք ունեցող ընկերությունները՝ Մաքս, Ֆլեշ և Սի Փի Էս, արդեն հասցնում են գերշահույթներ ստանալ, իսկ գազի գինը շարունակաբար բարձրանում է։

Այսպես փաստացի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գործը «գցել» էր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի «գրպանը»:

ArmLur.am-ը պարզելու համար, թե ի՞նչ փուլում է գտնվում հարցի քննարկումը և արդյոք ուսումնասիրություն իրականացվում է, կապ է հաստատել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի խոսնակ Անի Սմբատյանի հետ.
«Մրցակցության պաշտպանության հանձնաժողը հարցն ուսումնասիրում է, երբ պատրաստ լինի ուսումնասիրությունը` բոլորը կիմանան: Մենք ունենք հստակ ընթացակարգ, և այդ ընթացակարգով ուսումնասիրությունն իրականացվում է, այլ բան չեմ կարող պատասխանել: Քանի որ ուսումնասիրությունը չենք ավարտել ես ոչինչ չեմ կարող մեկնաբանել:
Հանձնաժողովը օրենքով իրեն սահմանված կարգով պետք է ուսումնասիրի և հրապարակի, և տեսնի կա խախտում թե ոչ, եթե կա, ապա վարույթ կհարուցվի»:

Այսպիսով, մինչ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շարունակում է իր ուսումնասիրությունը, հեղուկ գազի գնաճը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։

Անահիտ Պետրոսյան 




Լրահոս