Հուլիսի 30-ին Կամչատկայի երկրամասում տեղի ունեցավ պատմության մեջ ամենաուժեղ երկրաշարժերից մեկը, որի ուժգնությունը, ըստ տարբեր գնահատականների, հասել է 8.7 մագնիտուդի։ Սեյսմոլոգները երկրաշարժը գրանցել են Պետրոպավլովսկ-Կամչատսկի քաղաքից մոտ 150 կիլոմետր հեռավորության վրա, իսկ էպիկենտրոնը գտնվել է մարզկենտրոնից 149 կիլոմետր հարավ-արեւելք, 17 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի ցնցումները Կամչատկայում զգացվել են 7-8 բալ ուժգնությամբ, իսկ հետցնցումները շարունակվել են ժամեր շարունակ՝ հասնելով 5.1-5.8 մագնիտուդի։ Ընդամենը մեկ ժամում Կամչատկայի ափին տեղի է ունեցել ութ երկրաշարժ՝ 5 մագնիտուդից բարձր, իսկ ընդհանուր առմամբ, երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 50 հետցնցում ։
Երկրաշարժից անմիջապես հետո Կամչատկայի ափին հայտարարվեց ցունամիի վտանգ։ Ելիզովսկի շրջանում, Վոդոպադնայա օդերեւութաբանական կայանի մոտ, արձանագրվեց 3-4 մետր բարձրությամբ ցունամիի ալիք։ Ցունամիի առաջին ալիքը հարվածեց Սեւերո-Կուրիլսկ քաղաքի ափին, ինչի հետեւանքով բնակիչները տարհանվեցին դեպի ավելի բարձրադիր վայրեր։ Ընդհանուր առմամբ, Կուրիլյան կղզիներում մոտ 2,700 մարդ տարհանվեց անվտանգ վայրեր։ Սեւերո-Կուրիլսկի նավահանգիստը եւ ձկնորսական ձեռնարկությունը ջրածածկվեցին, իսկ Պետրոպավլովսկ-Կամչատսկիում մանկապարտեզի պատերը փլուզվեցին, սակայն զոհեր չկան։ Մի քանի մարդ դիմել է բժշկական օգնության, իսկ շտապօգնության կանչերի թիվը զգալիորեն աճել է։
Երկրաշարժի հետեւանքով Կամչատկայում ժամանակավորապես խափանվել է ինտերնետ կապը, սակայն հետագայում բոլոր կապի հանգույցները վերականգնվել են։ Մարզի պետական կառույցներում աշխատանքային օրը կրճատվել է մինչեւ 13:00, իսկ քաղաքային թիվ 1 մանկական պոլիկլինիկան ժամանակավորապես փակվել է տեխնիկական զննության համար։ Տարհանվել են նաեւ Կամչատկայի հինգ սերֆինգի ճամբարները։ Իշխանությունները խոստացել են բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով, եթե բնակարաններում հայտնաբերվեն վտանգավոր ճաքեր։ Ստեղծվել է տարածաշրջանային շտաբ՝ տարբեր ծառայությունների գործողությունները համակարգելու համար, իսկ Կուրիլյան կղզիներում գործարկվել է թեժ գիծ բնակիչների համար։ Սախալինի մարզի իշխանությունները մոբիլիզացրել են ուժերն ու ռեզերվները՝ Սեւերո-Կուրիլսկում երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար։ Կամչատկայի մարզի կառույցների վնասների ընդհանուր գնահատականը պատրաստ կլինի շաբաթվա ընթացքում։
Կամչատկայում այդ պահին եղել է մոտ 7,000-8,000 զբոսաշրջիկ, սակայն նախնական տվյալներով՝ ռուս զբոսաշրջիկները երկրաշարժի հետեւանքով չեն տուժել։
Երկրաշարժը ստացել է նաեւ միջազգային արձագանք։ Ճապոնիայի հյուսիսային հատվածում արձանագրվել է մոտ 30 սանտիմետր բարձրությամբ ցունամիի ալիք։ Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը օդային հսկողություն են իրականացրել, դադարեցվել է արագընթաց գնացքների երթեւեկությունը, իսկ Սենդայ քաղաքի օդանավակայանը փակվել է։ Վնասներ եւ զոհեր Ճապոնիայում չեն գրանցվել։ ԱՄՆ Օվկիանոսի եւ մթնոլորտի ազգային վարչությունը երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում է հայտարարել, իսկ Օահու կղզու իշխանությունները կոչ են արել ափամերձ շրջանների բնակիչներին անհապաղ տարհանվել։ ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը հրահանգել է Հավայան կղզիներում գտնվող բոլոր նավերին լքել նավահանգիստները։ Չիլիի, Էկվադորի, Մեքսիկայի եւ Պերուի իշխանությունները նույնպես նախազգուշացումներ են տարածել իրենց ափամերձ շրջանների համար։ Չինաստանի իշխանությունները հայտարարել են ցունամիի սպառնալիքի մասին, որը կարող է ազդել Շանհայի, Չժեցզյան նահանգի հարավային մասի եւ Թայվանի ափերին։
Մասնագետները կանխատեսում են, որ հետցնցումները Կամչատկայում կարող են շարունակվել առնվազն մեկ ամիս՝ մինչեւ 7.5 մագնիտուդ ուժգնությամբ։ Տեղական եւ միջազգային ծառայությունները շարունակում են հետեւել իրավիճակին եւ իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ՝ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։
Հեղինակ՝ Անի Վարդանյան



























