Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշումներից մեկով ներվեց Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում ներկրված և տարաժամկետ վճարման պայմանով տրամադրված տոհմային երինջների դիմաց մի շարք տնտեսավարող սուբյեկտների պարտքը:
««Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում հանրապետություն է ներկրվել 1811 գլուխ տոհմային երինջներ, որոնք տարաժամկետ վճարման (4 տարվա ընթացքում) պայմանով հատկացվել են 60-ից ավելի տնտեսավարող սուբյեկտների:
Վերջիններիս զգալի մասը երինջների դիմաց վճարումները կատարում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ կնքված «Տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի» պայմանագրով նախատեսված ժամանակացույցին համապատասխան:
Այնուամենայնիվ, որոշ տնտեսավարողներ ուշացումով են կատարում վճարումները, ինչի հետևանքով ձևավորվում են տույժեր, որն էլ իր հերթին լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ է ստեղծում տոհմային երինջներ տնօրինող ֆերմերների համար:
Այս հանգամանքը լուրջ դժվարություններ է ստեղծում տնտեսավարող սուբյեկտների համար, քանի որ կենդանիների խնամքի և լիարժեք կերակրման համար նախատեսված ֆինանսական միջոցները ստիպված են ուղղել տույժերի հաշվարկման արդյունքում գոյացած պարտքերի մարմանը, ինչի հետևանքով կրճատվում են տոհմասելեկցիոն աշխատանքներին և կերերի ու այլ միջոցների ձեռքբերմանն ուղղված ֆինանսական ռեսուրսները:
Ավելին, որոշ տնտեսավարողներ ստիպված դիմում են ծայրահեղ քայլերի` վաճառելով, անգամ սպանդի ենթարկելով վերարտադրության համար նախատեսված կենդանիներին:
Հարկ է նշել, որ տնտեսավարող սուբյեկտները իրենց արտադրած կաթը, կաթնամթերքը և միսը իրացնելիս բախվում են մեկ այլ խնդրի, քանի որ մանրածախ առևտրի կետերը և վերամշակող ձեռնարկությունները ձեռքբերված հումքի և սննդամթերքի գումարը ֆերմերներին են վճարում շաբաթներ, երբեմն` ամիսներ անց, ինչն իր հերթին հանդիսանում է տոհմային երինջների դիմաց վճարումների ուշացման պատճառ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: