Կարմիր խաչը և Կարմիր մահիկը բարձր պատրաստվածության վիճակում են Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, ասվում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (IFRC) հայտարարության մեջ։
Կամչատկայում չորեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8.7 մագնիտուդ, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ Հայտարարվել է ցունամիի սպառնալիք, և բնակիչներին կոչ է արվում չմոտենալ ափերին վտանգավոր գոտիներում։
«Այսօր առավոտյան Ռուսաստանի Կամչատկայի թերակղզու ափերի մոտ տեղի է ունեցել 8.8 մագնիտուդով հզոր երկրաշարժ, որը հանգեցրել է ցունամիի լայնածավալ նախազգուշացման ամբողջ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Շատ երկրներում հայտարարվել է տարհանում, և գրանցվել են ուժեղ ալիքներ: Տարածաշրջանում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի թիմերը գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում և ուշադիր հետևում են իրադարձությունների զարգացմանը», – նշել է կազմակերպությունը:





























