Հեղինակավոր The Washington Times պարբերականում հրապարակվել է Գրիգոր Հովհաննիսյանի հոդվածը, ով հանդիսանում է Հայաստանի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպանը ԱՄՆ-ում եւ նախկին արտգործնախարարի տեղակալը։ Կից ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը.
Վերջերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ նախագահ Թրամփը հնչեցրեց լավատեսական միտք՝ առաջարկելով, որ Հայաստանը եւ Ադրբեջանը «կարող են խաղաղության ուղու վրա լինել» երկար տարիների թշնամությունից հետո։ Սակայն, եթե հետեւենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հռետորաբանությանը, կարող ենք այլ եզրակացության գալ։ Նրա հայտարարությունները ցույց են տալիս ոչ թե խաղաղության ճանապարհային քարտեզ, այլ տարածքային վերանայման քողարկված փորձի վրա հիմնված արշավ։
Խնդիրը Ալիեւի պահանջն է՝ ունենալու ցամաքային միջանցք Հայաստանի հարավով, որը կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանի ինքնավար հանրապետության հետ, որն ունի սահման Թուրքիայի հետ։
Սա կստեղծի անընդհատ ցամաքային կապ Թուրքիայից՝ Նախիջեւանով դեպի Ադրբեջան եւ այնտեղից դեպի ավելի լայն թյուրքական աշխարհ՝ Կենտրոնական Ասիայում։ Դրան խանգարում է Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, որը նաեւ Հայաստանի միակ ցամաքային միջանցքն է դեպի Իրան, որը կարեւոր ռազմավարական եւ տնտեսական գործընկեր։
Հուլիսի 10-ին Աբու Դաբիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից անմիջապես հետո Ալիեւը հաղթականորեն թվիթ արեց ապագա «Զանգեզուրի միջանցքի իրականացման» մասին՝ օգտագործելով այդ տարածքի ադրբեջանական անվանումը։
Վերջին շրջանում ադրբեջանական մամուլում լայնորեն մեջբերված իր ելույթում նա ասել է. «Ե՛վ միջազգային հարթակներում, եւ՛ Հայաստանի հետ երկկողմ շփումներում մենք հետեւողականորեն ընդգծում ենք մեկ կետ. … Պետք է լինի հարթ եւ անխափան անցում Ադրբեջանից Նախիջեւան ՝ առանց որեւէ ստուգման կամ խոչընդոտի։ Սա մեր պահանջն է»։
Այս լեզուն ցույց է տալիս, որ Ալիեւի տեսլականը սահմանափակված չէ սովորական տարանցիկ ճանապարհով։ Նա ցանկանում է միջանցք, որը զերծ կլինի հայկական սահմանային վերահսկողությունից, մի ճանապարհ, որը փաստացի կզրկի Երեւանին իր տարածքի մի մասի ինքնիշխանությունից։ Սա սահմանների վերանայման մասին է։
Քանի որ նրա ցանկությունը՝ կապ ունենալ Նախիջեւանի հետ, տրամաբանական է թվում, այն արժանի է արդար քննության։ Կարո՞ղ է որեւէ երկիր պահանջել անսահմանափակ տարանցիկ միջանցք մեկ այլ ինքնիշխան պետության տարածքով՝ պարզապես այն պատճառով, որ ունի անկլավ։ Օրինակ՝ Միացյալ Նահանգները կպահանջե՞ր անխափան անցում Կանադայի տարածքով՝ Ալյասկա հասնելու համար։ Իհարկե ոչ, քանի որ միջազգային նորմերը նման բան չեն նախատեսում։
Թեեւ Բաքուն այս պահանջը ներկայացնում է որպես խաղաղության տրամաբանական քայլ, դրա իրավական, պատմական եւ աշխարհաքաղաքական հիմքերը թույլ են։ Այսպես կոչված միջանցքի հիմքը Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագիրն է, որը ավարտեց 2020 թվականի երկրորդ Արցախյան պատերազմը։ Այդ համաձայնագրում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան տեղաշարժի կազմակերպման համար»։
Սակայն այս անորոշ կետը Ադրբեջանին արտատարածքային վերահսկողություն չի տալիս եւ չի օգտագործում «միջանցք» տերմինը։ Միակ վերահսկող մեխանիզմը, որ նշված է, ռուս սահմանապահների հսկողությունն է։
Հայաստանը այս կետը մեկնաբանում է որպես պարտավորություն՝ տրամադրել տարանցիկ ճանապարհ՝ իր լիարժեք իրավասության ներքո՝ սահմանային, մաքսային եւ իրավական վերահսկողությամբ։
Ոչ մի պայմանագիր, ՄԱԿ-ի դրույթ կամ նախադեպ չի պարտադրում որեւէ երկրի զիջել իր հողերի վերահսկողությունը՝ մեկ այլ պետության անջատված մասերի միջեւ կապ ապահովելու համար։ Տարանցիկ համաձայնագրեր կան, օրինակ՝ Ռուսաստանի եւ Լիտվայի միջեւ Կալինինգրադի համար, բայց դրանք իրականացվում են հյուրընկալող երկրի վերահսկողության ներքո։ Ալիեւի առաջարկածը փաստացի տարածքային զիջում է։
Աշխարհում շատ անկլավներ կան, եւ ոչ մեկը նման կարգավորում չի ստացել։
Արեւմտյան Բեռլինը (1945-1990) հասանելի էր Արեւմտյան Գերմանիայից միայն նուրբ բանակցությունների արդյունքում։ Երբ շրջափակում սահմանեցին, Արեւմուտքը պատասխանեց օդային կամրջով, ոչ թե տարածքային զավթմամբ։
Արեւելյան Պակիստանը (1947-1971), որը բաժանված էր Հնդկաստանի տարածքով, երբեք միջանցք չստացավ։ Հնդկաստանը մերժեց։ Այս հիասթափությունը նպաստեց Արեւելյան Պակիստանի՝ որպես Բանգլադեշ անկախացմանը։
Սեուտան եւ Մելիլյան՝ Իսպանիայի քաղաքները Հյուսիսային Աֆրիկայում, մնում են Իսպանիայի վերահսկողության տակ՝ չնայած Մարոկկոյի պահանջներին։ Իսպանիան երբեք չի թույլատրել միջանցք, որը կթուլացնի իր ինքնիշխանությունը։ Եվ, Մարոկկոյի տարածքով միջանցք չկա այդ երկու քաղաքների միջեւ։ Քարտեզը, պարզապես, այն է, ինչ կա։
Պատկերը պարզ է. անկլավ ունենալը որեւէ երկրի իրավունք չի տալիս առանց վերահսկողության անցում պահանջել մեկ այլ ինքնիշխան պետության տարածքով։ Այս հարցերը լուծվում են բանակցություններով, ոչ թե պարտադրանքով։ Կլսենք տնտեսական օգուտների մասին փաստարկներ, բայց ինքնիշխանությունը բանակցության ենթակա չէ, եւ լավ բիզնեսը նման խախտումներ չի պահանջում։
Հայաստանը շատ քիչ մանեւրելու հնարավորություն ունի։ Սյունիքի միջով իրական «միջանցք» տրամադրելը կթուլացնի նրա աշխարհաքաղաքական դիրքը՝ կտրելով այն Իրանից, կվերաձեւի Հարավային Կովկասը եւ կդառնա անտանելի նոր զիջում՝ 2023-ին վիճելի Լեռնային Ղարաբաղի կորուստից հետո։
Վերահսկողության զիջումը, թե՛ խորհրդանշական, թե՛ փաստացի, կլինի ռազմավարական աղետ։
Իրանը նույնպես զգուշացրել է, որ Հայաստանի եւ Իրանի սահմանի ցանկացած փոփոխություն անընդունելի է։ Թեհրանը Զանգեզուրի գաղափարը դիտարկում է որպես սպառնալիք իր մուտքին դեպի Կովկաս եւ արձագանքել է թաքնված սպառնալիքներով։
Ալիեւը փորձում է հրադադարի կետը վերածել տարածքային վերանայման գործիքի։ Պատմությունը լի է օրինակներով, թե ինչպես են պատերազմները սկսվել անորոշ պայմանագրային լեզվի շահարկմամբ։ Նախադեպը վտանգավոր կլինի, եթե Հայաստանը հարկադրված լինի զիջել արտատարածքային մուտք։ Դա կխրախուսի հարկադրանքը, կթուլացնի դիվանագիտությունը եւ կուղարկի ուղերձ այլ ավտորիտար ռեժիմներին՝ վերցրեք այն, ինչ ուզում եք, հետո անվանեք դա միջանցք։
Դա նաեւ կխրախուսի Բաքվի բռնապետական ռեժիմին, որը երկար ժամանակ վստահ է եղել, որ իր էներգետիկ հարստությունը կծածկի հակահայկական մոլուցքը։ Միջազգային հանրությունը պետք է սա լրջորեն ընդունի։ Եթե պարոն Թրամփը իսկապես ուզում է խաղաղության համար վաստակել հայկական-ադրբեջանական հարաբերություններում, դա անցնում է Ալիեւին համոզելուց, որ հրաժարվի «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու իր հավակնություններից։
Անի Վարդանյան

























































































