Armenian text to speach

Իրանի ԱԳՆ խոսնակը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին հինգշաբթի օրը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի կողմից Իրանի էներգետիկայի եւ նավթային ոլորտների հետ կապված անձանց, կազմակերպությունների եւ նավերի նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցները:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 115 անձի, կազմակերպության եւ նավի նկատմամբ, որոնք կապ ունեն Իրանի հետ, հաղորդում է Press TV-ն:

Բաղաեին այս քայլը որակել է որպես «ԱՄՆ քաղաքական գործիչների թշնամանքի հստակ արտահայտություն իրանցի ժողովրդի նկատմամբ»:

Պաշտոնյայի խոսքով՝ պատժամիջոցների իրական նպատակը Իրանի զարգացմանը խոչընդոտելն է, ներքին պառակտում սերմանելն ու շարքային քաղաքացիների իրավունքներն ու կենսամիջոցները խաթարելը:

Նա նշել է, որ սա բնորոշ է Վաշինգտոնի բոլոր թշնամական քայլերին իրանցի ժողովրդի դեմ վերջին յոթ տասնամյակների ընթացքում: Բաղաեին անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի՝ Իսրայելի ռեժիմին աննախադեպ աջակցությանը՝ անցած ամիս Իրանի տարածքի դեմ իրականացված ագրեսիայի ժամանակ:

«Իրանցի ժողովուրդը, լիովին գիտակցելով պատժամիջոցներ սահմանող կողմի չարամիտ մտադրությունները, ամբողջ ուժով կանգնելու է իր արժանապատվության եւ շահերի պաշտպանության համար», – հայտարարել է նա: Խոսնակը քննադատել է Վաշինգտոնի «միակողմանիության կախվածությունը» եւ անօրինական ճնշման մեթոդների կիրառումը՝ նման անօրինական նպատակների համար:

Նրա խոսքով՝ այդ գործողություններով ԱՄՆ-ը բազմիցս խախտել է միջազգային իրավունքը, մարդու իրավունքները: Բաղաեին ընդգծել է, որ նման քայլերը պետք է արժանանան միջազգային պատասխանատվության:

Վերջում նա շեշտել է Իրանի «անխախտ վճռականությունը»՝ «պաշտպանելու ազգային ինքնիշխանությունը եւ կառուցելու հայրենիքը»՝ Վաշինգտոնի սադրանքների պայմաններում:

 

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս