Իշխանությունները հրաժարվում են Արցախից` այն ճանաչելով Ադրբեջանի մաս, սակայն նրանց հավատարիմներից մեկն այդպես էլ Փաշինյանի թեզը չի ընդունում։
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանի ֆեյսբուքյան էջի նկարը կարծես թե վրիպել է «էլիտայի» աչքից։
Հովսեփյանի ֆեյսբուքյան պրոֆիլի նկարը 2020 թվականի նոյեմբերի 1-ից «Recognize me? Recognize Artsakh (ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչիր Արցախը)» մակագրմամբ նկար է, որի վրա գրված է նաեւ «I am Artsakh (Ես Արցախն եմ)» գրությունը։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի տեղակալ Արթուր Հովսեփյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում բաժնի պետ լինելուց հետո, քայլում է այնտեղ, որտեղով անցնում է Արայիկ Հարությունյանը: Սկզբում ԿԳՄՍ նախարարի խորհրդականն էր, հետո՝ գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար, ապա՝ 2021 թվականից, երբ Հարությունյանը նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հովսեփյանը նշանակվեց աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
Համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի՝ Արթուր Հովսեփյանը հայտարարագրել է 1 ավտոկայանատեղի եւ 1 բնակարան բազմաբնակարան շենքում, որոնք գտնվում են Արաբկիր վարչական շրջանում։
Հովսեփյանը հայտարարագրել է մեկ մեքենա՝ Nissan մակնիշի ավտոմեքենա 2014 թվականի արտադրության, որը ձեռք է բերել 2017 թվականին։
Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 3 մլն 100 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցը՝ 800 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 33 մլն 532 հազար դրամ, որից 15 մլն 964 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Եկամուտներից 128 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Պետական կառավարման ակադեմիայից, 4 մլն 680 հազար դրամը վարձակալության դիմաց ստացած վարձավճար է, իսկ 2 մլն 279 հազար դրամն այլ եկամուտ է ՀՀ ֆինանսների նախարարությունից։
Արթուր Հովսեփյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 30 մլն 563 հազար դրամ, որից 22 մլն 49 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Վարկի մարմանն ուղղված վճարները կազմել են 3 մլն 808 հազար դրամ։
Արթուր Հովսեփյանի կինը՝ Աննա Ստեփանյանը, «Սիներջի ինթերնեյշնլ սիսթըմզ» ընկերության հայկական մասնաճյուղի տնօրենն է։
Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից կատարված չարաշահումների բացահայտման սկանդալից հետո «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմզ» ընկերության աշխատակիցներ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գեւորգյանը եւ աշխատակցուհի Լիլի Մկրյանը ձերբակալվեցին, ապա հանցանքի խոստովանությամբ ազատ արձակվեցին։
Հովսեփյանի տիկին Աննա Ստեփանյանը հայտարարագրել է եւս 2 բնակարան Երեւանում, որից մեկը բազմաբնակարան շենքում է, իսկ անհատական բնակելի տունը՝ Երեւանի Կենտրոնում։
Հովսեփյանի կնոջ բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 հազար 517 եվրո, 1 մլն 762 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 700 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 34 մլն 383 հազար դրամ, որից 28 մլն 383 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է «Սիներջի ինթերնեյշնլ սիսթըմզ» ընկերությունից, իսկ 6 մլն դրամը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացած եկամտահարկի վերադարձ է։
Աննա Ստեփանյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 52 մլն 127 հազար դրամ, որից 47 մլն 224 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 9 մլն 285 հազար դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները տեղեկություններ են հայտնում, որ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկայում ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կաշառքի գործով նախաքննության ավարտ կհայտարարի ու գործը կուղարկի դատարան: Ինչպես հայտնի է, մանր եղջերավոր անասուններ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու կաշառքի քրեական գործով անցնում են ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ եւս երկու անձինք, որոնցից նա կաշառք էր պահանջել: Մասնավորապես, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ ցուցմունք տված անձը՝ Աշոտ Կամավոսյանը, պատմել է իրավապահներին, որ 300 հազար ԱՄՆ դոլար կաշառքը չեն կարողացել տալ Աղազարյանին ու վերջում պայմանավորվել են 100 հազար դոլար տալ նրան։ Գնացել, հանդիպել են պատգամավորին ՀՀ Ազգային ժողովին հարակից զբոսայգում, եւ հենց այնտեղ Աղազարյանին 20 հազար դոլար է առաջարկվել, սակայն պատգամավորը զայրացել է ու ասել, թե «պայմանավորվել էինք 100 հազար ԱՄՆ դոլար, ինչո՞ւ եք քիչ բերել, չեմ վերցնում»: Առաջարկել է՝ «կգնա՛ք, կավելացնե՛ք նոր կգաք»։ Արդյունքում, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, Աշոտ Կամավոսյանը եւ Սլավիկ Պողոսյանը հայտնվեցին մեղադրյալի աթոռին: Կաշառքի գործով Աշոտ Կամավոսյանի եւ Սլավիկ Պողոսյանի վարույթը առանձնացվեց եւ փոխանցվեց Հակակոռուպցիոն դատարան: Վերջինս կայացրեց դատավճիռ՝ նրանց մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքներում, եւ որպես պատիժ սահմանեց ազատազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կարգով՝ որոշում է կայացվել «ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 3 (երեք) տարի ժամկետով»։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կարճ ժամանակ է մնացել Նիկոլ Փաշինյանի՝ «դոմփել», «Ձեզ տանելու եմ լցնեմ ԱԱԾ պադվալները» արտահայտությունների պատասխանատվության մասով որոշում կայացնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «ԱԱԾ պադվալ լցնելու ….» ձեւակերպումների վերաբերյալ որոշման ժամկետը լրանում է օգոստոսի 13-ին, իսկ «Դոմփել» արտահայտության վերաբերյալ որոշման ժամկետը՝ օգոստոսի 31-ին։ Այսինքն՝ շուրջ 2 ամիս հանձնաժողովը դեռ քննարկում է այս հարցը, սակայն դեռ որոշում չկա։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ին արված արտահայտության առիթով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրել է պարզաբանում: Խոսքը հետեւյալ գրառման մասին է. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»:
«Ժողովորդ» օրաթերթը տեղեկացրել էր նաեւ, որ ԱԺ-ում հնչեցրած ձեւակերպումների վերաբերյալ էլ է վարչապետ Փաշինյանը պատասխան պարզաբանում ուղարկել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է եղել «Վե՛ր ընկի տեղդ, ներվերս չուտե՛ս» արտահայտությունը, «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող «համբալ» անհարգալից կոչականը:
Համաձայն օրենսդրության՝ առավելագույնը երեք ամսում ԿԿ հանձնաժողովը պետք է վարչապետի կողմից վարքականոնի խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն տա, բայց մինչ եզրակացությանը հանգելը նրանք պետք է դիմեն միջադեպի մասնակիցներին՝ գրավոր պարզաբանումներ ստանալու:
Ավելին՝ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից ապօրինաբար հեռացված ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել էր. «Ես դիմումով պահանջել էի վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ: Հանձնաժողովից երեկ տեղեկացրել են ինձ, որ 2025 թվականի մայիսի 15-ին արդեն հարուցվել է վարքագծի կանոնների առերեւույթ խախտման վերաբերյալ թիվ 07/2025/Վ/Վ վարույթը՝ հիմք ընդունելով միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները»:
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի հրաժարվել Վեհարան մուտք գործելու եւ Ամենայն հայոց կաթողիկոսին այնտեղից հեռացնելու մտադրությունից։ Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանն իր թիմին ասել է, որ պետք է դա անել չափված-ձեււած պլանով, որը չի ունենալու ձախողումներ, ու Վեհարան հասնելու դեպքում՝ իրենք կապահովեն 100 տոկոսանոց արդյունք: Իշխանություններն էլ վստահ են, որ Կաթողիկոսի հեռացման հարցում Փաշինյանի պլանը ուշ թե շուտ կատարվելու է, պարզապես պետք է զինվել համբերությամբ: Վարչապետն իր թիմին կոնկրետ ժամկետ չի նշել Վեհարան գնալու վերաբերյալ, բայց հայտարարել է, թե «ինչքան Կաթողիկոսը ձգի իր հեռանալը, այդքան՝ մեզ օգուտ»: Իշխանական մեր աղբյուրները վստահեցնում են՝ վաղ թե ուշ Կաթողիկոսն ինքնակամ հրաժարական է տալու, որքան էլ որ տարբեր քաղաքական ուժեր նրան հորդորում են չդիմել այդ քայլին: Նիկոլ Փաշինյանը դեռեւս Վեհարան գնալու վերաբերյալ իր պլանը թիմի մոտ չի բացահայտում, բայց բոլորը սրտատրոփ սպասում են նրա հրահանգին: Հավելենք միայն, որ երեկվանից Նիկոլ Փաշինյանը երկարատեւ արձակուրդ է մեկնել. մինչեւ օգոստոսի 15-ը բացակայելու է կառավարությունից: Թե ինչ անակնկալների սպասենք վարչապետտի պաշտոնից արձակուրդում գտնվող Փաշինյանից, բարդ է ասել:























