Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում ենք նվազագույնի հասցնել Հայաստանին անհրաժեշտ հացահատիկի մատակարարման ուշացումները», – լրագրողներին ասել է Օվերչուկը։
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունը հայտարարել էր սելավի վտանգի պատճառով Ռազմավիրական ճանապարհով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների ժամանակավոր արգելքի մասին՝ հուլիսի 31-ի 18:40-ից մինչև օգոստոսի 1-ի 06:40-ը:

























































































