Այսօր՝ օգոստոսի 4-ին, ԱՄՆ 44-րդ նախագահի՝ Բարաք Օբամայի ծննդյան օրն է։ Օբաման պատմության մեջ առաջին աֆրոամերիկացի նախագահն է, ով ղեկավարել է Միացյալ Նահանգները 2009-2017 թվականներին։ Նա ծնվել է 1961 թվականին Հավայան կղզիներում, իսկ մանկության մի մասը անցկացրել է Ինդոնեզիայում։ Ավարտելով Punahou դպրոցը՝ Օբաման ուսումը շարունակել է Occidental College-ում, ապա Կոլումբիայի համալսարանում, իսկ հետո գերազանցությամբ ավարտել է Հարվարդի իրավաբանական դպրոցը՝ դառնալով Harvard Law Review-ի առաջին աֆրոամերիկացի նախագահը։ Իր կարիերան սկսել է որպես քաղաքացիական իրավունքների պաշտպան և իրավաբան, ինչպես նաև դասավանդել է Չիկագոյի համալսարանում։
Օբաման ակտիվորեն ներգրավվել է քաղաքականության մեջ՝ 1996-ին ընտրվելով Իլինոյսի սենատում, իսկ 2004-ին՝ ԱՄՆ Սենատում։ 2008 թվականին նա հաղթեց նախագահական ընտրություններում՝ դառնալով ԱՄՆ առաջին աֆրոամերիկացի նախագահը։ Նրա նախագահության տարիներին իրականացվել են կարևոր բարեփոխումներ, այդ թվում՝ առողջապահական համակարգի բարեփոխումը (Obamacare), որը միլիոնավոր ամերիկացիների հնարավորություն տվեց ունենալ առողջապահական ապահովագրություն։ 2009 թվականին Օբաման արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ միջազգային դիվանագիտությունն ու ժողովուրդների համագործակցությունը խթանելու համար։ Օբաման առաջին նախագահն էր, ով պաշտոնապես աջակցեց միասեռ ամուսնություններին։
Նա հայտնի է իր հռետորական խոսքով , գրականության հանդեպ անհագ սիրով և հասարակական ակտիվությամբ։ Օբաման հեղինակել է չորս գիրք, որոնցից «A Promised Land»-ը դարձել է ամենավաճառվող նախագահական հուշագրությունը։ 2014 թվականին կնոջ՝ Միշել Օբամայի հետ հիմնել է Obama Foundation-ը, որն աջակցում է կրթական ծրագրերին և երիտասարդների զարգացմանը։ Այսօր՝ իր 64-ամյակի օրը, Օբաման շարունակում է ներգրավված մնալ հասարակական կյանքում՝ աջակցելով կրթությանը, երիտասարդներին և ժողովրդավարական արժեքներին։
Անի Վարդանյան






























