Հաշմանդամ ազատամարտիկ Հակոբ Թադևոսյանը երեկ նախագահական նստավայրի դիմացից համաձայնել էր հեռանալ միայն այն պայմանով, որ հանդիպի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Նրան այսօր առավոտյան ընդունել է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, ում պատասխանից այդպես էլ գոհ չի մնացել Հակոբ Թադևոսյանը. «Մտել եմ քաղաքապետի մոտ, ասում են` նախարարին դիմե՞լ ես, ասում եմ` երեք տարի առաջ մտել եմ նախարարի մոտ, բանավոր պայմանավորվել ենք, հիմա ինձանից գրավոր դիմում են պահանջում»:
Հակոբ Թադևոսյանը պատմեց, որ բնակարան ստանալու հերթում պաշտպանության նախարարությունում 345-րդն էր, սակայն իր հերթն այդպես էլ չհասավ:
Այժմ նա ներկայանալու է զինծառայողների սոցիալական վարչություն, որտեղ պետք է գրավոր դիմում գրի. «Ես կհարցնեմ, եթե գրավոր դիմում ներկայացնելու դեպքում հարցիս լուծում կտան, գրեմ, եթե դա էլ չանեն, ես էլի նույն ճանապարհով եմ գնալու, երկուշաբթի նորից կգամ նախագահականի դիմաց կնստեմ»:
Նա ասաց նաև, որ ոչ մի սպառնալիք հետ չեն պահի իրեն մինչև վերջ պայքարել իր իրավունքների համար, ինքը լուծում է վաղվա իր և իր երեխաների գոյության խնդիրը:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Հակոբ Թադևոսյանը անժամկետ նստացույց էր հայտարարել նախագահական նստավայրի դիմաց, սակայն հաջորդ օրը նրան Հրազդանի քաղաքապետարանից տարան տուն: Հակոբ Թադևոսյանը Արցախյան ազատամարտի մասնակից է, ունի հաշմանդամության կարգ, սակայն շուրջ քսան տարի է` անօթևան է, ստանում է ընդամենը 17 հազար դրամ թոշակ:
Անուշ Ամիրբեկյան