Ռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով մի քանի ֆիլմի հեղինակ է, Եղեռնի 100-ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանելու հոլովակի տեսքով. կնկարահանվեն 4 հոլովակ, որոնք կներկայացվեն ֆիլմի տեսքով Armlur.am-ի հետ զրույցում ռեժիսորը տեղեկացրեց, որ ֆիլմի ստեղծման համար անհրաժեշտ է 800.000 դրամ, որից 3 օրվա ընթացքում հավաքվել է 200.000 դրամ: «500.000 դրամ հավաքելու դեպքում արդեն կսկենք նկարահանման աշխատանքները»,- ասաց ռեժիսորը` հավելելով, որ ֆիլմը, հավանաբար, կկոչվի «Իսկ դու ճանաչե՞լ ես»:
Արշակ Զաքարյանը կարծում է, որ մենք պահանջում ենք ամբողջ աշխարհից ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը, բայց մենք ինքներս լավ պետք է հասկանանք կատարվածի ողջ էությունը:
4 հոլովակից երկուսի սցենարն արդեն պատրաստ է: «Ֆիլմում խաղալու է Արա Սարգսյանը, ով մարմնավորելու է արևմտահայ պապիկի դերը, ավելի ճիշտ` նա կխաղա մեր զոհերից մեկի ուրվականը»,- մանրամասնեց ռեժիսորը` չցանկանալով բացել այլ փակագծեր. «Աշխատում եմ, որ սիրված ու հայտնի մարդիկ խաղան ֆիլմում»:
Սոնա Դավթյան