Բաթումիի քաղաքային դատարանը վրացական «Բաթումելի» և «Նեթգազետի» առցանց հրատարակությունների հիմնադիր Մզիա Ամագլոբելիին դատապարտեց երկու տարվա ազատազրկման՝ այս տարվա հունվարին Աջարիայի մայրաքաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին ապտակելու համար։
Ամագլոբելիի կալանքը լայն արձագանք առաջացրեց, այդ թվում՝ Եվրոպայում։ Իրենց բանաձևերում Եվրախորհրդարանի անդամները կոչ արեցին Վրաստանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել լրագրողին։ Դատախազությունը առաջարկեց ձևակերպել ընթացակարգային համաձայնագիր, որի համաձայն Ամագլոբելին կխոստովանի իր մեղքը և կազատվի նախնական կալանքից, սակայն դա տեղի չունեցավ։
Վրացական ընդդիմության ներկայացուցիչները Ամագլոբելին համարում են գործող իշխանությունների դեմ պայքարի խորհրդանիշ։
Իրենց հերթին, վրացական իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ ոստիկանի վրա ցանկացած հարձակում պետք է խստորեն պատժվի օրենքի շրջանակներում։
Այս պահին Բաթումիում ընդդիմության կողմնակիցները ցույց են անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել Ամագլոբելիին։





























