Գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը դարձել է MLS-ի կանադական «Վանկուվեր Ուայթքեփս» ակումբի ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը՝ հղում անելով ակումբի պաշտոնական կայքին։
35-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ տարով երկարաձգման հնարավորությամբ։
«Թոմաս Մյուլերը համաշխարհային կարգի խաղացող է՝ հայտնի իր գոլային պահեր ստեղծելու կարողությամբ, խաղադաշտը տեսնելու աննման ընդունակությամբ և առանց գնդակի անդադար շարժումներով։ Նա ոչ միայն կբերի թիմին հաղթական փորձ և ֆուտբոլային խելք, այլև այնպիսի աշխատանքային էթիկա, որը նոր մակարդակի կբարձրացնի ամբողջ թիմը։ Թոմասը ծնված առաջնորդ է, ում խաղի հանդեպ կիրքը վարակիչ է։ Սա խորհրդանշական տրանսֆեր է մեր ակումբի համար, պահ, որը կփոխի ինչպես ակումբը, այնպես էլ մեր քաղաքը»,-ասել է «Վանկուվերի» գլխավոր և մարզական տնօրեն Աքսել Շուսթերը։
Մյուլերը մյունխենյան «Բավարիայի» սան է, որի հիմնական կազմում հանդես է եկել 2007 թվականից։ «Բավարիայի» կազմում հարձակվողը դարձել է Գերմանիայի 13-ակի չեմպիոն, երկրի գավաթի 6-ակի հաղթող, Չեմպիոնների լիգայի և աշխարհի ակումբային առաջնության կրկնակի չեմպիոն։ Գերմանիայի ազգային հավաքականի կազմում 2014 թվականին նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալ, ինչպես նաև երկու անգամ դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
24 տուրից հետո «Վանկուվեր Ուայթքեփսը» զբաղեցնում է Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։




















































































