Քիչ առաջ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Պտղնի համայնքի նախկին ղեկավար Առաքել Վիրաբյանը մեղադրվում է 22 հողակտոր հափշտակելու և պետությանը ընդհանուր 181 մլն 770 հազար դրամ վնաս պատճառելու մեջ։
Հանցագործություններին օժանդակելու մեղադրանք է առաջադրվել ևս 5 անձի, այդ թվում՝ նախկին պաշտոնյայի երկու որդիներին: Նշված ժամանակահատվածում՝ 2000-2021թթ., համայնքի ղեկավարը եղել է Առաքել Վիրաբյանը: Նրան և որդիներից մեկին ձերբակալել էին դեռևս այս տարվա մայիսին։
Պատճառն այն էր, որ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ավագանին 2021թ. սեպտեմբերի 1-ին որոշել է Երևան-Սևան ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող մոտ 1,1 հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդ-վաճառքով օտարել: Աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է 150 հազ. դրամ՝ առանց նշելու, թե ինչպես է կատարվել հաշվարկը: Հենց մեկնարկային գնով հողամասը գնել է նույն գյուղի բնակիչ Մհեր Բաղդասարովը: Այս մասին գրել էր «Հետքը»։
Այս տարածքին հարակից մասում գտնվում է նաև «Գնդասար ՓՀԷԿ» ՍՊԸ-ին պատկանող խողովակաշարը, որին պատճառած վնասի մասին ArmLur.am-ը նախկինում հրապարակել էր։ Այժմ ընկերությունը չի աշխատում, իսկ վնասները չեն փոխհատուցվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պետությանը հասցված 18 մլն դրամի վնաս, որը հանգեցնելու է բնապահպանական աղետի․ մանրամասներ
Որպես ձորակ ձեռք բերված հողամասը, հետագայում հողալցվել է և պատճառել մեծ չափի վնաս անհատ ձեռներեցին։ Այդ տարածքում է գտնվում նաև ՀՀ ՊՆ հատուկ պահպանվող տարածքը, որի մի մասը հայտնվել էր ճահճի մեջ խողովակների վնասման պատճառով։
Ստացվում է, որ Պտղնի համայնքում մոտ 1 հա հողատարածքն օտարվել 150 հազ. դրամով: Հետագայում այդ հողատարածքը բաժանվել է առանձին մասերի ու վաճառվել թանկ գնով։ «Հետքը» հայտնել էր, որ հողամասն ընդհուպ փոխանակվել էր 600 մլն դրամ արժողության բնակարանի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում այս տարվա հունիսի 5-ին ձերբակալվել են Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավար Առաքել Վիրաբյանը, նրա որդին ու մի շարք այլ անձինք:
Նախկինում գրել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս 3 անձինք: Կոմիտեից ԶԼՄ-ներին հայտնել էին, որ Առաքել Վիրաբյանը մեղադրվում է խարդախության և վատնման եղանակներով առանձնապես խոշոր չափերով հափշտակության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ, իսկ ձերբակալված մյուս անձինք մեղադրվում են համայնքի նախկին ղեկավարի կողմից վերը նշված առերևույթ հանցանքների կատարմանն օժանդակելու և փողերի լվացման մեջ:
Հիշեցնենք, որ Առաքել Վիրաբյանը Պտղնի համայնքը ղեկավարել է՝ սկսած 1996թ.-ից, շուրջ 25 տարի:
Մեր տեղեկություններով՝ Առաքել Վիրաբյանի վերաբերյալ քրեական վարույթը քննվում է 2021թ.-ից։
Էմմա Միքայելյան

























