Armenian text to speach

ՀՀ իշխանությունները փորձում են լռեցնել բոլոր այն օղակներին, որոնք համաձայն չեն իրենց ազգադավ քաղաքականության հետ. Վահագն Վարագյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ամենատհաճն այն է, որ ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման խնդիրը կապվում է ինձ աշխատանքից ազատելու իշխանությունների ցանկության հետ,- դեռ 2019 թվականին Facebook-ի իր էջում գրել է կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը։ ArmLur.am-ի հետ զրույցում Վահագն Վարագյանը խոսել է Կենտրոնի լուծարման պատճառների, տարվող աշխատանքների և դատական հայցերի վերաբերյալ։

Ինչո՞ւ որոշվեց լուծարել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը։ Ո՞րն է պաշտոնական պատճառաբանությունը։

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարումը ունի քաղաքական ենթատեքստ: Լուծարման գործընթացը նոր չի մեկնարկել, այդ գործընթացի մեկնարկը տրվեց դեռ 2019 թվականին: 2019 թ. ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, ԵՊՀ կանոնադրության և այլ ընթացակարգային էական խախտումներով, որոշեց լուծարել ստորաբաժանումը, որը վիճարկվեց դատարանում: 2019 թ. հոգաբարձուների խորհրդի որոշումը ոչ միայն իրավաչափ չէր, այլ համալսարանում բազմաթիվ զվարճալի պատմությունների առիթ էր դարձել, քանի որ այդ ժամանակ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը միևնույն հարցը՝ ստորաբաժանման լուծարման, այլ ստորաբաժանումների հետ միավորման, մի քանի տարբեր ձևերով փորձում էր ամեն գնով անցկացնել: Մեր ստորաբաժանման 11 աշխատակիցներին ազատելու ծանուցումների մեջ որպես հիմք նշված է դատարանի 29.05.2024 թ. վճիռը, որը սակայն նման իմպերատիվ պահանջ չի սահմանում:

   Ո՞ր կառույցն է նախաձեռնել լուծարումը՝ ԵՊՀ ռեկտորատը, Կառավարման խորհուրդը, թե այլ կողմ։

Ինչպես արդեն իսկ նշեցի ստորաբաժանման լուծարման գործընթացը նախաձեռնվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից: Սակայն վստահ եմ, որ այս ժամանակահատվածում գործընթացի նման կերպ կազմակերպումը որոշվել է ՀՀ կառավարության այն սենյակից, որտեղից ներկայումս առհասարակ  կայացվում են բոլոր որոշումները՝ այդ թվում կապված արդարադատության հետ:

   Կենտրոնը քանի՞ տարի է գործում և ինչպիսի արդյունքներ է ունեցել այդ ընթացքում։

Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը ստեղծվել է 2004 թվականին, որը 2015 թվականից վերաձևավորվել է որպես կենտրոն: Կենտրոնի գործունեության առանցքը համալսարանում ուսանողական կյանքի կազմակերպումն է, ուսանողական կառույցների, ակումբների գործունեության համակարգումն ու դրանց օժանդակումը: Այս տարիների ընթացքում կենտրոնն իրականացրել է բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, հայերանաճանաչությանը, ուսանողների տարաբնույթ հմտությունների, գիտելիքների և կարողությունների բարձրացմանն ուղղված հարյուրավոր միջոցառումներ: Կենտրոնի կազմում են գործում Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը, Գ. Արշակյանի անվան Գիտելիքի դպրոցը, գիտարշավական ակումբը և այլն: Կենտրոնը տարիներ շարունակ ծրագրեր է իրականացրել Արցախի Հանրապետությունում՝ դասախոսություն-քննարկումներ, գիտաժողովներ, ծառատունկեր, ռազմամարզական ճամբարներ, փորձի փոխանակման այցեր և այլն: Այս տարիների ընթացքում ավելի քան 20 հազարից ավելի ուսանող մասնակցել է կենտրոնի կողմից իրականցվող ծրագրերին և միջոցառումներին:

  Դուք դժգոհել եք կենտրոնի լուծարման որոշումից դատական կարգով։ Ինչ փուլում է գործընթացը և ինչ ակնկալիքներ ունեք։

Ինչպես ես, այնպես էլ ստորաբաժանման մյուս բոլոր աշխատակիցները հայց են ներկայացրել դատարան աշխատանքից ազատման հրամանն ուժը կորցրած ճանաչելու համար: Գործը գտնվում է քննության փուլում: Հուսամ, որ թեև առկա իրավիճակին և արդարադատության համակարգի վրա եղած ճնշումներին՝ արդարությունը կվերականգնվի:

   Դատական հայցի հիմքում ի՞նչ պահանջներ են դրված։ Դրանք վերաբերում են միայն կենտրոնի լուծարմա՞ն, թե նաև այլ իրավախախտումների։

Հիմքում ԵՊՀ ռեկտորի՝ ստորաբաժանման աշխատակիցներին աշխատանքից ազատելու ապօրինի հրամաններն են, որոնք ոչ միայն որևէ իրավական հիմք չունեն, այլև կազմված են տարրական սխալներով: Մասնավորապես նույնիսկ սխալ հղումներ են տրված աշխատանքային օրենսգրքին: Ուզում եմ նաև հատուկ ընդգծել, որ բոլոր աշխատակիցները աշխատանքից ազատվելու մասին տեղեկացվել են ընդամենը 2 օր առաջ:

  Ձեր կարծիքով՝ որոշումը կրո՞ւմ է քաղաքական ենթատեքստ։ Եթե այո, ո՞րն է դրա դրդապատճառը։

Այո՛, որոշումը հստակ քաղաքական ենթատեքստ ունի, ուղղորդված է դրսից: Պատճառն ակնհայտ է. ներկայումս ՀՀ իշխանությունները փորձում են լռեցնել բոլոր այն օղակներին, որոնք համաձայն չեն իրենց ազգադավ քաղաքականության հետ: Ես մեկ անգամ և նոր չէ, որ հանդես եմ եկել քննադատություններով՝ ուղղված ՀՀ գործող իշխանություններին և իմ դիրքորոշումն այդպիսին է սկսած 2018 թվականից:

  Ի՞նչ է շահելու և ի՞նչ է կորցնելու ԵՊՀ-ն ձեր ղեկավարած կենտրոնի լուծարման պարագայում։

Երկարաժամկետ հեռանկարում արդարությունը վերականգնվելու է, ԵՊՀ-ն էլ ունենալու է այն դիրքն ու հեղինակությունը, որը հարիր է Մայր բուհին:

    Դուք հանդիսանում եք Հանրապետական կուսակցության անդամ։ Ինչպե՞ս է ձեզ հաջողվել շուրջ չորս տարի արդյունավետ համագործակցել «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ խուսափելով հակասություններից։

Այո՛, ես Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ եմ դեռևս 2013 թվականից: Հարաբերությունները համալսարանի ռեկտորի հետ կրել են բացառապես աշխատանքային բնույթ, որոնք ևս հարթ չեն ընթացել: Իսկ թե ինչպիսի հակասություններ և խնդիրներ են եղել, դրանք դեռևս թող մնան հայտնի միայն համալսարանականներին: Թեև մեր հարաբերությունները բացառապես աշխատանքային են, սակայն դա բնավ չի խանգարել ԵՊՀ ռեկտորին կատարել քաղաքական հրահանգ և աշխատանքից ազատման ապօրինի հրամաններ տալ ստորաբաժանման ողջ կազմին:

  2019 թվականին, երբ Հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց կենտրոնը լուծարելու վերաբերյալ, Դուք կազմակերպեցիք մամուլի ասուլիս և հրապարակային կերպով հանդես եկաք՝ այդ որոշումը որակելով որպես անօրինական և քաղաքական։ Իսկ հիմա, երբ Ձեր ազատման մասին որոշում է կայացվել, ոչ միայն մամուլի ասուլիս չեք հրավիրել, այլև որևէ հայտարարությամբ հանդես չեք եկել։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ այժմ Դուք այդ որոշումը համարում եք օրինական կամ արդարացված։

Եթե որոշումը համարեի օրինական կամ արդարացված, ապա այն դատական կարգով չէի բողոքարկի: Երբ մամուլի ասուլիսի պահը գա, խոստանում եմ՝ Ձեր լրատվամիջոցը առաջիններից մեկը կտեղեկացվի այդ մասին:

   Դուք հանդիսանում եք Հանրապետական կուսակցության անդամ և 2019 թվականին մամուլի ասուլիսում հայտարարել եք, որ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն է հանդես եկել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման նախաձեռնությամբ։ Նման հրապարակային գնահատականից հետո ինչպե՞ս է ձեզ հաջողվել վերջին չորս տարիների ընթացքում պահպանել արդյունավետ համագործակցություն նրա հետ՝ առանց տեսանելի հակասությունների կամ սկզբունքայն բախումների:

2019 թ. ստորաբաժանման լուծարման նախաձեռնության հեղինակներից մեկը այն ժամանակ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Հ. Հովհաննիսյանն էր: Ինչպե՞ս է հաջողվել շուրջ 6 տարի աշխատել համալսարանում, երբ ամբողջ պետական ապարատը լծված է եղել ստորաբաժնման լուծարման գործին, շատ պարզ՝ սկզբունքային ու ուժեղ թիմի շնորհիվ: Հակասություններ, սկզբունքային անհամաձայնություններ ու խոչընդոտներ եղել են անհաշվելի քանակով, ինչո՞ւ դրանք տեսանելի չեն եղել համալսարանից դուրս, որովհետև դա իմ գործելաոճը չէ: Այն մարդիկ, ովքեր Համալսարանում մաս են կազմել այդ գործընթացներին, շատ լավ գիտեն իմ մոտեցումները, տեսանելի ու անտեսանելի հակասություններն ու սկզբունքային տարբերությունները:

Սոնա Գրիգորյան 




Լրահոս