Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հնդկաստան սպասվում է օգոստոսի վերջին, հինգշաբթի օրը Մոսկվայում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը։
«Մենք այժմ շատ լավ հարաբերություններ ենք հաստատել, որոնք մենք շատ ենք գնահատում, մեր երկրների միջև ռազմավարական գործընկերություն կա։ Մենք բարձր մակարդակով ենք շփվում։ Մեզ համար հաճելի էր իմանալ նախագահ Պուտինի՝ օգոստոսի վերջին մեր երկիր կատարելիք այցի մասին», – ասել է Դովալը։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այցելել է Մոսկվա 2024 թվականի հուլիսին։ Այցի ընթացքում, մասնավորապես, տեղի է ունեցել ռուս-հնդկական 22-րդ ամենամյա գագաթնաժողովը։ Դրա արդյունքներից հետո Մոդին Պուտինին հրավիրել է այցելել Հնդկաստան։ 2025 թվականի մայիսին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մոդին հաստատել է Պուտինին ուղղված Հնդկաստան այցելելու հրավերը, որը ընդունվել է շնորհակալությամբ։





























