ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն քիչ առաջ հայտնեց, որ օգոստոսի 7-ի երեկոյան ձերբակալվել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը: Այս ձերբակալությունը, ենթադրաբար ոչ թե իրավական, այլ քաղաքական պատճառներ ունի և խիստ առնչվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մայիսի 20-ին Հայաստան կատարած այցի հետ:
Ըստ պաշտոնական տեղեկության՝ «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով»,- հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հիշեցնենք, որ խոսքը նույն Վարդան Հարությունյանի մասին է, որի մասով 2018թ ևս քրեական վարույթներ կային քննվող՝ կապված «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ, որը մաքսազերծման աշխատանքներով զբաղվող ԿԱՐԳՈ է եղել:
Ազգային անվտանգության ծառայության միջնորդությամբ կալանավորվել էին «Նորֆոլկ» ընկերության գլխավոր տնօրեն՝ 51-ամյա Արմեն Ունանյանը, ընկերության գլխավոր հաշվապահ՝ 32-ամյա Տիգրան Զոհրաբյանը և ընկերության հաշվապահական ծառայության ղեկավար՝ 27-ամյա Սիմոն Առաքելյանը:
ԱԱԾ-ն հայտնել էր, թե բացահայտվել է հանցավոր սխեմա, որի միջոցով «Նորֆոլկ» ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Նախնական հաշվարկներով՝ գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրինական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար: Ընդ որում, ԱԱԾ-ի պնդմամբ, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներ: Խոսքը՝ բնականաբար, նույն Վարդան Հարությունյանի մասին էր:
Հետագայում՝ 2019 պաշտոնապես հայտարարվեց, որ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունն ամբողջովին հատուցել է պետությանը պատճառված վնասը՝ 3 մլրդ 37 մլն 952 հազար դրամը ը Ազգային անվտանգության ծառայության գործունեության հաշվետվության համաձայն՝ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը 2014–2016 թվականներին եղել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրենը, ընկերության տնօրենների խորհրդի անդամ, վարչության անդամ, 2016–2018-ին՝ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ: 2024թ մայիսի 31-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Հարությունյանից պահանջում են բռնագանձել 23 անշարժ գույք.
• 9 տրանսպորտային միջոց.
• 473 հազար ԱՄՆ դոլար ավանդ.
• 6 մլն 239 հազար ԱՄՆ դոլարի և 219 մլն 880 հազար դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք.
• Միացյալ Թագավորության Լոնդոն քաղաքում ձեռք բերված գույքի ձեռքբերման արժեքի (ապօրինի մասի) չափով գումար, որը կազմում է 242 մլն 128 հազար դրամ.
• 1 մլրդ 61 մլն 438 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ.
• 4 մլրդ 975 մլն 318 հազար դրամ, որը, ըստ Դատախազության, չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողների կամ այն անհնար է նույնականացնել:
Սակայն, Վարդան Հարությունյանին կալանավորելու մտադրություն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այս տարիներին չի ունեցել: Եվ ուրեմն, ինչու՞ հիմա հիշեցին Վարդան Հարությունյանին՝ նրան կալանքի տանելով:
ArmLur.am-ի տեղեկություններով, այս տարվա մայիսի 20-ին, երբ Ռուսաստանի դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այցելեց Հայաստան, այդ օրերին երեկոյան ընթրիք է արել Վարդան Հարությունյանի տանը, որին մասնակցել են Տաշիր ընկերությունների սեփականատեր, խոշոր բարերար Սամվել Կարապետյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և այլ նախկին պաշտոնյաներ։
Ահա թե ինչը չի ներում Նրկոլ Փաշինյանը Վարդան Հարությունյանին. Armlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ մայիսին կայացած ընթրիքի ընթացքում ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Հայաստանի ներքաղաքական կյանքին առնչվող հարցր, ինչը և Նիկոլ Փաշինյանի իշխանությունը համարում է սպառնալիք և դրա համար է իրականում հիմա Հակակոռուպցիոն կոմիտեն հիշել, ձերբակալել հիմա էլ կալանքի է տանում Վարդան Հարությունյանին:
Ի դեպ այս հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանը ևս կալանավորվեց և հետագայում հայտնվեց տնային կալանքում։ Արդյունքում, այն գործիչներն, ովքեր դիմավորել և հյուրասիրել էին Սերգեյ Լավրովին, հայտնվեցին իշխանությունների թիրախում։
Սոնա Գրիրգորյան

























































































