«Ինձ չի հետաքրքրում աղանդավորական կառույցների բողոքն ու ցասումը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով կրոնական մի շարք կազմակերպությունների ստորագրահավաքին իր դեմ, որով վերջիններս պահանջում են պատգամավորի հրաժարականը, տիկին Զոհրաբյանն ասաց, որ իր արժանապատվությունից ու ինքնասիրությունից ցածր է համարում անդրադառնալ նրանց հայտարարություններին:

«Ինձ չի հետաքրքրում աղանդավորական կառույցների բողոքն ու ցասումը: Ես թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հարթակներում պայքարելու և պաշտպանելու եմ մեր քաղաքացիներին քայքայիչ աղանդներից: Իրենք ինձ չեն ներքաշի որևէ բանավեճի մեջ որևէ հարթակում»:

-Տիկի՛ն Զոհրաբյան, հաշվի առնելով, որ աղանդավորական կառույցներն ունեն հզոր հովանավորչություն և այդ քայքայիչ գործունեության մեջ, շրջանառվող լուրերի համաձայն՝  ներգրավված են նաև որոշ հայ պաշտոնյաներ, չե՞ք կարծում, որ պայքարը  դժվար է լինելու: 

-Ես  տեղյակ չեմ, որ պաշտոնյաներ ներգրավված են քայքայիչ գործունեություն ծավալելու գործընթացում: Իսկ եթե դա այդպես է, ապա դրանց դեմ ևս պետք է պայքարել: Որևէ հզոր հովանավորչություն ինձ չի վախեցնում: Ես գիտեմ` քայքայիչ այդ աղանդներն ինչ վնաս են հասցնում մեր քաղաքացիների ընտանիքներին:

Անելու եմ հնարավորը՝ մեր երեխաներին նրանցից պաշտպանելու համար:

Սոնա Դավթյան




Լրահոս