Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ կշարունակի իր քաղաքական ջանքերը բոլոր մակարդակներում, որպեսզի կասեցնի Գազայի հատվածում ռազմական գործողության ընդլայնման Իսրայելի պլանները: Ինչպես տեղեկացնում է WAFA գործակալությունը, այս մասին նա ասել է Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
«Նախագահը հաստատել է, որ կշարունակի իր քաղաքական ջանքերը բոլոր մակարդակներում, այդ թվում՝ դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Արաբական պետությունների լիգային և Իսլամական համագործակցության կազմակերպությանը՝ այս ծրագրերի դեմ միջազգային ու տարածաշրջանային աջակցություն ստանալու համար», – ասվում է Աբբասի գրասենյակի հայտարարության մեջ, որը հրապարակել է WAFA գործակալությունը:
Աբբասը Գազան գրավելու Իսրայելի կաբինետի որոշումը համարել է «նոր հանցագործություն, որն ավելացել է Արևմտյան ափին Իսրայելի իրականացրած հանցագործությունների շարքին», և «պահանջել է այն անհապաղ դադարեցնել»:
Նա ընդգծել է, որ հարկավոր է հաստատել հրադադար, ազատ արձակել պատանդներին ու բանտարկյալներին և Պաղեստինի Պետությանը հնարավորություն տալ՝ ստանձնելու Գազայի հատվածի ամբողջական պատասխանատվությունը:
Հորդանանի միապետի հետ զրույցից հետո, WAFA-ի տեղեկատվությամբ, Աբբասը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ:






























