Armenian text to speach

Իրանը թույլ չի տա Կովկասում «ամերիկյան միջանցք»՝ Ռուսաստանի օգնությամբ, թե առանց նրա. Վելայաթի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին իրանական Tasnim գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ Իրանն ամեն գնով կկանխի Հարավային Կովկասում «ամերիկյան միջանցքի» ստեղծումը՝ անկախ նրանից, կմիանա արդյոք այդ հարցում Մոսկվան, թե ոչ։ Նա կտրականապես մերժել է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, որը նախատեսվում է Ադրբեջանը կապել Նախիջևանի հետ։

Tasnim գործակալության այն  հարցին՝ թե իբր  միջանցքը ԱՄՆ-ին  է տրվում  վարձակալությամբ 99 տարով, Վելայաթին արձագանքել է, թե նման ուղին «Դոնալդ Թրամփի վարձկանների գերեզման» կդառնա, ոչ թե ԱՄՆ նախագահի վերահսկվող տարանցիկ ճանապարհ։

Վելայաթին Կովկասը որակել է որպես աշխարհի ամենազգայուն տարածաշրջաններից մեկը՝ ընդգծելով, որ Իրանն մշտապես դեմ է եղել «Զանգեզուրի միջանցքին», քանի որ այն «կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, կվերագծի սահմաններն ու կհանգեցնի Հայաստանի ապամոնտաժմանը»։

Իրանի նախկին ԱԳ նախարարի համոզմամբ՝ այս նախաձեռնության իրականացումը «կվտանգի Հարավային Կովկասի անվտանգությունը»։ «Իրանն ապագա քայլերը կկատարի Հարավային Կովկասի անվտանգության պահպանման գործում՝ Ռուսաստանի հետ կամ առանց նրա։ Մենք հավատում ենք, որ Ռուսաստանն էլ ռազմավարական առումով դեմ է այդ միջանցքին»,— ասել է նա։ Վելայաթին հավելել է, որ խոսքը «սովորական առևտրային երթուղու մասին չէ, այլ՝ քաղաքական դավադրության Իրանի և հարևանների դեմ», պնդելով, թե ՆԱՏՕ-ն «ձգտում է փաթաթվել Իրանի և Ռուսաստանի միջև՝ իբրև իժ», սակայն Թեհրանը դա թույլ չի տա։ Նա հղում է կատարել նաև Վլադիմիր Պուտինի նախկին նախազգուշացումներին Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրի շուրջ՝ ընդգծելով, որ «կանխարգելումն ավելի լավ է, քան բուժումը»։

Վելայաթին նշել է, որ Ադրբեջանի և Նախիջևանի կապը կարող է ապահովվել նաև Իրանի տարածքով, «առանց որևէ միջանցքի»։ Նրա խոսքով, տարածաշրջանի «հավասարակշիռ հաշվարկներն ու դասավորությունները» միայն Բաքու–Երևան հարաբերություններով չեն սահմանափակվում. «Տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունները կանդրադառնան նաև Իրանի սահմանների վրա, ուստի մենք ունենք մեր շահերը հաստատակամորեն պաշտպանելու իրավունք»։

 

Հեղինակ՝ Անի Վարդանյան




Լրահոս