Կանադայի արտգործնախարար Անիտա Անանդը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև նախորդ շաբաթ ձեռք բերված համաձայնությունները։
«Խաղաղության պայմանագրի նախաստորագրմամբ և Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմամբ, երկրները կարևոր քայլ են ձեռնարկել այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար և տևական խաղաղության ուղղությամբ»,— նշել է նախարար Անանդը՝ հավելելով. «Կանադան բարձր է գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդությունը և Վաշինգտոնում ձեռք բերված արդյունքները՝ համաձայնագրի միջնորդման գործում»։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ դիվանագիտական բանակցությունների միջոցով ձեռք բերված նման համաձայնագրերը հստակ ճանապարհ են հարթում Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համար և կօգնեն լուծել մնացյալ հարցերը, այդ թվում՝ բոլոր հայ կալանավորվածների և ռազմագերիների ազատ արձակումը, հայ քաղաքացիական անձանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանությունը։
Կանադան նաև արձանագրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին որոշումը և հայտնում պատրաստակամություն աջակցելու ապագա այն մեխանիզմներին, որոնք կապահովեն ուժի չկիրառման սկզբունքը։
«Կանադան վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության, կայունության և բարեկեցության ապահովման գործում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային ճանապարհով քաղաքական լուծում գտնելուն»,— ասված է Global Affairs Canada-ի հաղորդագրությունում։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի

























































































