Իջևանում գործող ‹‹Իջ-Գրանդ տեքստիլ›› արտադրամասում շուրջ 205 Հնդկաստանի քաղաքացի հանդիսացող աշխատողների աշխատավարձը բարձրացվելու է: Այս մասին ArmLur.am լրատվականի հետ զրույցում հայտնեց արտադրամասի տնօրեն Մհեր Միրզոյանը:
‹‹Երեկ մենք համաձայնության ենք եկել, որ կվերանայենք իրենց պայմանագրերը և կբարձրացնենք աշխատավարձերը: Նրանք ցանկանում են շարունակել իրենց աշխատանքը մեր արտադրամասում: Բողոքի դուրս եկած բոլոր աշխատողների աշխատավարձերը բարձրացվելու է››,- ասաց Մհեր Միրզոյանը:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը նախօրեին գրել էր. ‹‹Հնդկաստանի շուրջ 200 քաղաքացիներ Իջևանում բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք հայտնում են, որ «Իջ-Գրանդ Տեքստիլ» գործարանում աշխատել են ամիսներ շարունակ, սակայն գործարանի տնօրենը հրաժարվել է վճարել նրանց աշխատավարձերը:
Պարզաբանման համար մենք դիմել ենք «Իջ-Գրանդ Տեքստիլ» գործարանի տնօրեն Մհեր Միրզոյանին, որը հերքել է նման տեղեկությունը՝ հայտնելով հետևյալը. ‹‹Մարդիկ ակնկալում են աշխատավարձի բարձրացում, հիմնական խնդիրը դա է: Ես չէի կարող իրենց աշխատավարձից մասնակի կամ ամբողջովին պահում կատարել, զրկել նրանց աշխատավարձից, քանի որ հարկային դաշտում ամբողջովին երևում է: Ես չէի կարող նման բան անել, երևում է ամբողջովին: Հիմա 205 մարդ է մասնակցում բողոքի ակցիային, բոլորն էլ Հնդկաստանի քաղաքացիներ են: Նրանք շատ են ու մի մարդ են դառնում, մյուսներին էլ ստիպում են, ասում են՝ եկեք բողոք անենք››,- ասաց գործարանի տնօրեն Մհեր Միրզոյանը՝ հավելելով, որ խնդրով պայմանավորված դիմել էր ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատուն, անձամբ զրույց ունեցել դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ, վստահեցրել, որ իր գործարանում նման երևույթ տեղի չի ունեցել:
Մեր այն հարցին, թե ինչպես են պատրաստվում հարցին լուծում տալ՝ Միրզոյանը նշեց. ‹‹Համաձայնության կգանք: Կարծում եմ, կբարձրացնենք աշխատավարձերը: Այլ տարբերակ չունենք››:
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ի երեկոյան Իջևանում Հնդկաստանի մի խումբ քաղաքացիներ, ովքեր աշխատում են քաղաքի կարի արտադրամասում, փակել էին Իջևան-Երևան միջպետական ճանապարհը: Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը չվճարվող աշխատավարձն է եղել:
Մանրամասներ իմանալու համար՝ ArmLur.am լրատվականը զրուցել էր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ. ‹‹Դեպքը երեկ է տեղի ունեցել, որ 10-15 րոպե է տևել: Խնդիրը կապված է կարի արտադրամասի հետ, որն արտադրում է որսորդական և ձկնորսական հագուստ: Աշխատողների թիվը, եթե չեմ սխալվում, 200 է, որից 80-90-ը Հնդկաստանի քաղաքացի են: Ինչքանով տեղյակ եմ, ինչ-որ անձնական խնդիրներ են ունեցել տնօրենի հետ, որովհետև հաղորդում էլ ունեն տված Ոստիկանություն››,- հայտնել էր Հայկ Ղալումյանը:
Արդյոք աշխատավարձից մասնակի կամ ամբողջովին պահումներ եղել են, տնօրենը հրաժարվել է վճարել Հնդկաստանի քաղաքացիների աշխատավարձերը՝ մարզպետը նշել էր, որ ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում:
Նանիկ Աղասյան

























































































