Armlur.am-ը Հայաստանի քաղաքական վերադասավորումների, նոր վարչապետի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի որոշումների և այլ հարցերի շուրջ զրուցեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:
– Ճի՞շտ էր արդյոք Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում:
– Արդեն նշանակել են` հիմա կսպասենք, կտեսնենք, կաշխատի, կտեսնենք արժանի է, թե` ոչ: Կտեսնենք, թե որտեղ է իր թույլ տեղերը: Դա իրենց թիմի խնդիրն է, ում էլ նշանակեն, իրենք են անելու` թող անեն: Մեր խնդիրն է պահանջել, որ լավ աշխատի:
– Անդրադառնանք ՕԵԿ-ի որոշմանը: Համաձայն ե՞ք իրենց ներկայացրած պարզաբանումների հետ:
– Ես այլ կուսակցության քաղխորհրդի որոշում չեմ կարող մեկնաբանել: Դա նույնն է, ոնց որ մեր կուսակցությունը որոշում կայացնի` ուրիշներն ասեն` ճիշտ է, թե սխալ: Այլ հարց է, թե իրենք ինչ դրդապատճառներ են ներկայացրել:
Դրդապատճառները հստակ ասել են, որ իրենք համաձայն չեն այն որոշման հետ, որով առաջնորդվել է նախագահը և նշանակել է վարչապետին: Իրենք ունեն իրենց վարչապետի թեկնածուն, որքան ես հասկացա իրենց հայտարարությունից:
Եվ բացի այդ, իրենք պատրաստվում են պաշտպանել կուտակային այս հիմնադրամի հետ կապված «Դեմ եմ» շարժմանը: Դա իրենց որոշումն է:
– Իսկ դուք նման վերադասավորումներ քաղաքական դաշտում սպասում էի՞ք:
– ՀՅԴ-ն կարծես թե միշտ էլ հակված չէր մտնել կոալիցիա: Կարծում եմ, որ կոալիցիան լինի թե չլինի` էական նշանակություն չունի, քանի որ ՀՀԿ-ն ունի իր մեծամասնությունը խորհրդարանում: Այլ հարց է, թե ի՞նչ որոշումներ են նրանք կայացնում և ի՞նչ ձևով են իրականացնում: Ինչի հետ մենք բացարձակ, ավելի շուտ մեծամասամբ համաձայն չենք:
Եվ մեր կուսակցության դիրքորոշումը հստակ է, որ մենք ընդդիմադիր դիրքերից ենք հանդես գալիս, որովհետև այն քաղաքական կուրսը, որ իրականացվել է առ այսօր, բերել է ամենավատ հետևանքները երկրի համար: Դրա համար, եթե նոր կառավարություն ձևավորվի և ծրագիր ձևավորի, որը որ կհամապատասխանի մեզ, մենք կհետևենք, թե ինչպե՞ս են իրականացնելու:
Իսկ քաղաքական վերադասավորումներն առանձնապես դեռ պարզ չեն, որովհետև այն ավելի պարզ կդառնա, եթե հանկարծ լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք ես կարծում եմ այնքան էլ սարերի հետևում չեն:
– Դուք նշեցիք, որ ընդդիմության շարքերից եք հանդես գալիս: Որպես ընդդիմության ներկայացուցիչ, դուք հավատու՞մ եք ՕԵԿ-ի անկեղծությանը:
– Էտ աղջիկ չի էլի, կամ տղայի ու աղջկա հարաբերություն չէ, որ հավատանք, կամ չհավատանք: Դա քաղաքական կուսակցություն է: Եթե այդպիսի որոշում է կայացրել` թող իրականացնեն: Մենք այդպիսի որոշումներ չենք կայացրել 22 տարիների ընթացքում , համենայնդեպս մեր սկզբունքային դիրքորոշումները մինչ այսօր միշտ էլ հստակ են եղել:
Հիմա նրանք այդպիսի որոշում են կայացրել` իրենք գիտեն` անկեղծ են, անկեղծ չեն: Համենայնդեպս մի բան պարզ է, որ մի գետի մեջ երկու անգամ չեն մտնում: Հիմա, թե որ գետի մեջ են պատրաստվում իրենք մտնել, դա արդեն իրենց հարցրեք:
– Դուք, օրինակ, կհամագործակցեի՞ք իրենց հետ:
– Մեր սկզբունքային դիրքորոշումը հետևյալն է: Մենք գաղափարական հենքի վրա ենք ուզում ձևավորել այն միասնությունը, որը փորձում ենք հիմա անել:
Այսինքն, սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսության հենքի վրա, որովհետև այլ կերպ դա դառնում է կոնյուկտուրային, իսկ այդպիսի միավորումները երբեք հաջողության չեն բերել և հիմա էլ մեր աչքի առաջ տեսնում ենք դա` ինչպես փլուզվեց նույն այդ կոալիցիան, որովհետև գաղափարական հենքի վրա չէր: Եթե այդպես լիներ, կարծում եմ, որ այդ հարցում այսպիսի մասնատում չէր լինի:
Բայց ելնելով այն հարցից, թե ի՞նչ են շահելու, ինչ չեն շահելու ու եթե հիմա ՕԵԿ նախարարները, փոխնախարարը դուրս են գալիս ՕԵԿ-ից պաշտոնը պահելու համար, արդեն իսկ դա որևէ կապ չունի գոնե գաղափարախոսության հետ:
– Փաստորեն դուք այն կարծիքին եք, որ նախարարները դուրս են եկել ՕԵԿ-ից` պաշտոնը պահելու համա՞ր:
– Իհարկե, փաստորեն նրանք կուսակցության շարքերում միայն հանուն պաշտոնի էին: Դա արդեն փաստ է:
– Դուք նշեցիք, թե կոալիցիան փլուզվեց, քանի որ քաղաքական հենքի վրա ձևավորված չէր: Այդ դեպքում, ի՞նչ կասեք «քառյակի» գործունեության մասին:
– «Քառյակը» նույնպիսի արհեստական մի միավորում է:
– Կարծում եք, որ վաղ թե ուշ կդադարե՞ն համագործակցել միմյանց հետ:
– Իհարկե: Ոնց կարող են, էն հայտնի Կռիլովի առակի նման հերոսները միասին, իրար հետ գործ անել: Դա անհնար է, ամեն մեկն իր գաղափարախոսությունն ունի, մեկը ընդհանրապես կարող է գաղափարախոսություն էլ չունենալ:
Երկրի փրկության միակ ելքն այն է, որ ժողովրդի առաջ հանդես գան հստակ ծրագրով, որը կրում է իր գաղափարախոսական փիլիսոփայությունը և թող դա լինի տարբեր: Եվ մարդիկ դրանիցից ընտրեն այն ծրագիրը, որին կվստահեն: Բայց այդպիսի իրավիճակ մեր երկրում ստեղծված չի, երբ ստեղծվի` նոր կարող ենք խոսել:
Նաիրա Հովհաննիսյան