Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը չնախատեսված այց է կատարել Արմավիրի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Նորավանի մանկապարտեզի շինարարական հրապարակ։ Շինարարի, տեխնիկական հսկիչի և կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի հետ նա դիտարկել է 144 տեղ հզորությամբ «Մոդուլային» տիպի նորակառույց մսուր-մանկապարտեզի կառուցված շենքի տեխնիկական վիճակը, կատարված աշխատանքների որակը։
Մանկապարտեզի կառուցման և բարեկարգման շինարարական աշխատանքներն ավարտված են։ Իրականացվում են բարեկարգման լրացուցիչ աշխատանքներ՝ խաղահրապարակն ապահովելու արհեստական խոտածածկով, անցկացնելու ոռոգման ցանց։ Զուգահեռ ընթանում է անհրաժեշտ գույքով կահավորումը։
Կոմիտեի նախագահը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների որակի համար՝ գնահատելով պատասխանատու գործելաոճը և կարևորելով նշաձողի պահպանումը վերջին գործողությունները կատարելիս։
Սեպտեմբերից Նորավանի մանուկները հնարավորություն կունենան հաճախելու նորակառույց, ժամանակակից պայմաններով, արևային ֆոտովոլտային կայանով, մեծ խաղահրապարակով, գունագեղ և հարմարավետ մսուր-մանկապարտեզ։

























































































