Մանկաբարձ-գինեկոլոգների, նեոնատոլոգների և ծննդօգնության հաստատությունների ղեկավար անձնակազմի շրջանակում գիտագործնական սեմինարներ անցկացնելու նպատակով Հայաստանում են ՌԴ «Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնի» ներկայացուցիչները: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից։
Դասընթացների շարքը, որը տարիների փորձ ունի, կրում է «Մայրական և մինչև 1 տարեկան երեխաների մահացության նվազեցման ուղիներ» անվանումը, իրականացվում է երկու երկրների առողջապահության նախարարությունների համագործակցությամբ:
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն ընդունել է Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնի ուսումնական ծրագրերի համակարգող Ելիզավետա Խամաթխանովային:
«Տարիների ընթացքում մեր մասնագետների հետաքրքրությունը ոչ միայն չի նվազել, այլև աճել է, քանի որ բժշկությունը մեծ քայլերով առաջ է գնում, և շարունակական մասնագիտական զարգացումը դարձել է բժշկի աշխատանքային գործունեության անբաժանելի մաս»,- նշել է Արմեն Գասպարյանը:
Նա նաև ներկայացրել է վերջին տարիներին մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում իրականացված հայաստանյան բարեփոխումները, մասնավորապես` անպտղության հաղթահարման տարեցտարի ընդլայնվող ծրագիրը, կեսարյան հատումները զսպելու մեխանիզմները, հղիության նախածննդյան հսկողության հետազոտությունների ընդլայնումը և այլն:
Ռուս գործընկերներն ընդգծել են հայ մասնագետների ակտիվ ներգրավվածությունը ուսումնական գործընթացին և վստահեցրել, որ կարվի առավելագույնը` Հայաստանի մասնակիցների համար նախատեսված քվոտաներն ավելացնելու ուղղությամբ:
Ծննդօգնության ոլորտի բազմաթիվ մասնագետների երկշաբաթյա վերապատրաստումներ են իրականացվել Մոսկվայում` ՌԴ «Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի Ազգային բժշկական հետազոտական կենտրոն»-ի սիմուլյացիոն կենտրոնի բազայի հիման վրա: Արդեն 3 տարի է, ինչ ՌԴ մասնագետները, բացի մոսկովյան վերապատրաստումներից, ժամանում են նաև Երևան, ինչը թույլ է տալիս ներգրավել ավելի մեծ թվով ունկնդիրների:





























