Աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը օգոստոսի 11-ին ժամանել է Հայաստան։ Նրա այցը, ըստ իր հայտարարության, հրատապ է և առնչվում է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ գործադրվող ճնշումներին, սրբազանների նկատմամբ հարուցված գործերին, ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանի կալանքի շուրջ զարգացումներին։ Ամստերդամը այսօր Երևանում հանդես է եկել մամուլի ասուլիսով, իսկ նախօրեին անցկացրել էր ճեպազրույց, սակայն իրվապաշտպանը չի բացահայտել իր հետագա հանդիպումների մանրամասները «շահերի պաշտպանության» նկատառումներով։
Ո՞վ է Ռոբերտ Ամստերդամը:
Ռոբերտ Ամստերդամը 40 տարվա փորձ ունեցող միջազգային իրավաբան է, Amsterdam & Partners LLP իրավաբանական ընկերության հիմնադիր-գործընկերն է, որի գրասենյակները գտնվում են Լոնդոնում և Վաշինգտոնում։ Մասնագիտացած է բարդ դատավարությունների և միջազգային արբիտրաժների պաշտպանությունների մեջ՝ հաճախ քաղաքական և հանրաքաղաքական բաղադրիչ ունեցող գործերով։ Ամստերդամը խորհրդատվություն և ներկայացուցչություն է ցուցաբերել մի շարք կառավարությունների, բազմազգ կորպորացիաների և բարձրաստիճան քաղաքական գործիչների համար, այդ թվում՝ Թուրքիայի Հանրապետությանը, Թաիլանդի նախկին վարչապետ Թաքսին Շինավատրային, Զամբիայի նախկին նախագահ Ռուպիյա Բանդային, Ուգանդայի պատգամավոր Բոբի Ուայնին (Ռոբերտ Քյագուլանի), Տանզանիայի ընդդիմադիր առաջնորդ Տունդու Լիսսուին, Կամերունի քաղաքական գործիչ Մորիս Կամտոյին, ինչպես նաև Նիգերիայի Ակվա Իբոմ նահանգի նախկին նահանգապետ Գոդսկուիլ Աքպաբիոյին։ Նա ապահովել է խոշոր արբիտրաժային հաղթանակներ PricewaterhouseCoopers-ի և Four Seasons Hotels & Resorts խմբի համար։
Amsterdam & Partners LLP-ին բացի իր առևտրային գործունեությունից, հայտնի է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր անվճար իրավաբանական ծառայություններով: Ընկերությունը արժանացել է American Lawyer-ի կողմից կազմակերպված «Գլոբալ անվճար իրավաբանական վեճերի մրցանակին»՝ Զիմբաբվեում իր աշխատանքի համար, և ներկայացրել է ընդդիմադիր գործիչների շահերը Սինգապուրում, Ուգանդայում և Վենեսուելայում:
Ամստերդամը նաև ներկայացրել է բարձրաստիճան քաղբանտարկյալների, ինչպիսիք են Ռուսաստանում «Յուկոս» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին և վենեսուելացի գործարար Էլիջիո Սեդենյոնի շահերը, որոնք երկուսն էլ հաջողությամբ ազատ են արձակվել։
Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում նա ասել էր հետևյալը.
«Իմ գլխավոր առաքելությունն է Հայաստանում պաշտպանել եկեղեցուն, պաշտպանել այն մարդկանց՝ եկեղեցու զավակներին, Քրիստոսի զավակներին, ովքեր ապօրինաբար ազատությունից զրկվել են։ Երբ մարդիկ հավատացյալ են և սիրում են իրենց եկեղեցին, իրենց երկիրը, ինչպիսին պարոն Կարապետյանն է, սակայն նրանց բիզնեսներն ապօրինաբար ռեյդի են ենթարկվել, ուրեմն ինչ–որ բան այն չէ։
Անհրաժեշտության կա երկխոսության կառավարության և եկեղեցու միջև։ Հույս ունեմ, որ կսկսվի այդ երկխոսությունը, հույս ունեմ, որ այդ մեղադրանքները կկարճվեն և որ գործընթացի արդյունքում եկեղեցին կլինի պաշտպանված։
Եկեղեցին Հայաստանում առանցքային նշանակություն ունի լեզվի, կրոնի համար և նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի քրիստոնյաների, այլ ամբողջ աշխարհի քրիստոնյաների համար։ Հավատացյալ բոլոր մարդիկ պարտավոր են պաշտպանել եկեղեցին Հայաստանում»:
Հարցին, թե չի՞ վախենում իր նկատմամբ հնարավոր ճնշումներից, պատասխանել էր.
«Ես սովոր եմ տարբեր երկրների կառավարությունների ճնշմանը։ Ռուսաստանում ինձ ձերբակալել են, արգելել են մուտք գործել յոթ երկիր, արդեն մոտ 50 տարի է՝ զբաղվում եմ այս աշխատանքով։ Կարող է լինել ճնշում, բայց որպեսզի այն նպատակին հասնի, պետք է լինի մեկը, ով կհնազանդվի այդ ճնշմանը։ Մենք՝ պաշտպանելով իրավունքները, չենք ճկվում»։
Հեղինակ՝ Անի Վարդանյան





























