
ՀՀԿ տնտեսական սեմինարի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել ուշագրավ խոստովանությամբ: Նա հայտարարել է, թե իրեն մտահոգում է ՀՀ-ում աղքատության բարձր մակարդակը: Ըստ վարչապետի` աղքատությունը հասնում է 30%-ի, իսկ ծայրահեղ աղքատների թիվը կազմում է բնակչության 15%-ը: Ավելին, վարչապետին մտահոգել են ՀՀ դեմոգրաֆիական վիճակը, սոցիալական բեւեռվածության բարձր մակարդակը եւ այսպես շարունակ: Ցանկացած նորմալ երկրում այս եւ մյուս բոլոր ցուցանիշները թվարկելուց հետո վարչապետը կհայտարարեր իր հրաժարականի մասին: Բայց, ինչպես երեւում է, Տիգրան Սարգսյանը ոչ միայն հրաժարական տալու ցանկություն չունի, այլեւ չի փորձում իրական քայլեր անել` իրավիճակը մեղմելու համար: Նա բավարարվում է միայն սեփական PR-ի համար սեմինարներ կամ համաժողովներ կազմակերպելով` դրանց վրա ծախսելով հսկայական գումարներ: Ի դեպ, այս սեմինարը բոյկոտել են ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի նախարարները: