ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր տեղեկացրել է՝ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։ Նախատեսվում են նաև մեծածավալ վերապատրաստումներ՝ բռնության, բուլինգի և անվտանգության ապահովման թեմաներով։
Տարվա ընթացքում կկազմակերպվեն նախագծային աշխատանքների հանրապետական էքսպո՝ դպրոցականների անվտանգությանը վերաբերող նախագծերով, բռնության ու բուլինգի մասին թատերական ներկայացումներ և ֆիլմերի դիտումներ, առողջ կենսակերպի խթանման նպատակով հանդիպումներ սպորտում հաջողությունների հասած մարզիկների հետ, աշակերտական համաժողովներ և կլոր սեղան-քննարկումներ՝ «Անվտանգ և ապահով կրթություն» խորագրով։
Նախարարությունը նախատեսում է յուրաքանչյուր ամիս իրականացնել թեմատիկ աշխատանքներ. օրինակ՝ սեպտեմբերին՝ ճանապարհային անվտանգության, հոկտեմբերին՝ տարհանման կանոնների վերաբերյալ։
Այնուհետև Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը և ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը պատասխանել են ուսուցիչների՝ մինչև օգոստոսի 8-ը ներկայացրած հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին նրանց մասնագիտական զարգացմանը` տարակարգին, կամավոր ատեստավորմանը, վերապատրաստումներին, ինչպես նաև դասագրքերին:






























