ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար օգոստոսը նվերաշատ է եղել։ Պետական պատվիրակությունների այցերից ստացված նվերները հերթով հայտնվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռեեստրում։
Այսպիսով՝ ինչ նվեր է ստացել Փաշինյանը, ո՞ւմ կողմից և որքան արժեն դրանք․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է դեռ 2024 թվականի հոկտեմբերին ստացած նվերը, սակայն ինչու ուշացումով, հայտնի չէ։ Փաշինյանին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆը նվիրել է պարսկական Մինաքարի արվեստի ծաղկաման, ձեռագործ աշխատանք, պատրաստված է պղնձից՝ մինային ծածկույթով, արտադրված Իրանի Սպահան նահանգում։ Ծաղկամանն արժեցել է 134 հազար 619 դրամ։
Հաջորդ նվերը ստացել է 2024 թվականի սեպտեմբերի 16-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակության կողմից։ Նվերն արժեցել է 127, 413 հազար դրամ եղել է տղամարդու հագուստի թևածալքի վրա տեղադրված ճարմանդ։ Զարդը ձեռագործ է, պատրաստված 925 հագի արծաթից, ռոդիումապատ։
Հայտարարագրված ամենաթանկարեք նվերը Նիկոլ Փաշինյանը ստացել է Էմանուել Մակրոնից, սակայն վրիպակի կամ սխալմունքի արդյունքում նվերը ստանալու ամսաթիվը նշված է 2025 թվականի հոկտեմբերի 3-ը։
Dupont ապրանքանիշի գրիչ է նվիրել Մակրոնը Ձաշինյանին Ելիսեյան պալատում, Գրիչը եղել է անհատական պատվեր, այն պատրաստված է կապույտ և ոսկեգույն գույներով։ Փաշինյանի համար հատուկ պատվիրված գրիչն արժեցել է 331 հազար 870 դրամ։
Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածում, որով սահմանված են հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները, նշվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետևյալ նվերները.
- պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.
- ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը.
- կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքով.
- օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:
Եթե 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է 60․000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:
Բացի այդ, հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառեն նվերների հաշվառման ռեեստրում։
40․000 դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման, բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 և ավելի) բնույթ կրող դեպքերի։
Նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով:
Հավելենք նաև, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին, եթե որևէ նվեր է տրվում իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված, ապա անկախ դրա չափից, գնից, եթե անգամ այն արժե 100 դրամ՝ չեն կարող ընդունել դա։
Էմմա Միքայելյան




























