Armenian text to speach

Վաշինգտոնում անտեսվել է Արցախին առնչվող կարևորագույն հարցեր, մենք շարունակելու ենք պայքարել մեր իրավունքների համար. Արցախի պետնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի ունեցած Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպմանն անդրադարձել է Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ հայտարարելով. «Ես, որպես Արցախի Հանրապետության պետնախարար, խիստ մտահոգությամբ և վճռական դատապարտմամբ արձագանքում եմ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրին կից Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ դիմումին՝ ուղղված ԵԱՀԿ-ին՝ Մինսկի գործընթացի դադարեցման և դրա հետ կապված կառույցների լուծարման պահանջով։

ԵԱՀԿ Մինսկի խումբը, իր բոլոր սահմանափակումներով հանդերձ, տարիներ շարունակ եղել է միակ միջազգային մանդատ ունեցող միջնորդական հարթակը, որի օրակարգում պաշտոնապես ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անվտանգության հարցը։ Այդ ձևաչափի վերացումը նշանակում է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների միջազգային պաշտպանության վերջին մեխանիզմի վերացում։

Նշված հանդիպման ընթացքում անգամ խոսք չի գնացել արցախցիների իրենց հայրենիք՝ Արցախ վերադարձի իրավունքի մասին, ինչպես նաև անտեսվել է Բաքվում պահվող հայ գերիների և անհայտ ճակատագրով անհետ կորածների հարցը։ Այս փաստերը վկայում են, որ «խաղաղության» օրակարգը կառուցված է բացառապես միակողմանի զիջումների վրա։

Հիշեցնում եմ, որ Արցախի հարցը չի կարող համարվել լուծված առանց Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման, որն ամրագրված է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով։ Մինսկի խմբի գործունեության դադարեցումը, առանց Արցախի ժողովրդի մասնակցությամբ և համաձայնությամբ, ոչ միայն զրկում է նրանց իրենց ճակատագրի որոշման գործընթացում լիարժեք ներգրավվածությունից, այլև խաթարում է խաղաղ կարգավորման օրինական և լեգիտիմ հիմքերը։

Կոչ եմ անում ԵԱՀԿ բոլոր անդամ պետություններին չմասնակցել այս վտանգավոր քայլերին և շարունակել աջակցել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը՝ դրանք պահելով միջազգային օրակարգում։

Մենք շարունակելու ենք ամենաբարձր մակարդակով պայքարել մեր ժողովրդի իրավունքների և արժանապատվության պաշտպանության համար՝ համագործակցելով բոլոր այն միջազգային կառույցների հետ, որոնք հավատարիմ են արդարության և խաղաղության իրական արժեքներին»։




Լրահոս