Armenian text to speach

Սեպտեմբերին Թրամփը կարող է այցելել Իսրայել՝ Լոնդոնի այցից առաջ. Ynet

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է այցելել Իսրայել հաջորդ ամիս՝ իր Մեծ Բրիտանիա նախատեսված այցից առաջ, հայտնում է Ynet գործակալությունը:

Ըստ գործակալության՝ Թրամփի Լոնդոն այցը նախատեսված է սեպտեմբերի 17–19-ը, սակայն մինչև այդ նա կարող է մեկնել Իսրայել։ Աղբյուրների խոսքով՝ այդ որոշումը կախված է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ընթացող բանակցությունների առաջընթացից։

«Նախագահը մտադիր է սեպտեմբերին այցելել Մեծ Բրիտանիա, և հնարավոր է, որ այցելություն լինի նաև Իսրայել, բայց դա դեռ վերջնական չէ։ Որոշումը կախված է Գազայի գոտու զարգացումներից»:

Ynet-ի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ն ձգտում է համապարփակ գործարքի և սպասում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույնպես քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։ Պորտալը նշում է, որ երկու կողմերն էլ հանգել են այն եզրակացությանը, որ մասնակի գործարքը այլևս արդիական չէ, և բանակցությունների սեղանին մնացել է միայն համապարփակ համաձայնության տարբերակը։

Ավելի վաղ ԱՄՆ-ն ու Իսրայելը Դոհայից հետ էին կանչել իրենց պատվիրակություններին՝ ստանալով ՀԱՄԱՍ-ի պատասխանը հրադադարի և պատանդների ազատման առաջարկվող գործարքի վերաբերյալ։ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆի խոսքով՝ այդ պատասխանը «չի վկայում» կրակի դադարեցման համաձայնության հասնելու ձգտման մասին։ Ի պատասխան՝ ՀԱՄԱՍ-ը հայտնել էր, որ զարմացած է ամերիկյան կողմի բացասական հայտարարություններից՝ ընդգծելով իր պատրաստակամությունը հաղթահարելու բոլոր խոչընդոտները։

Հիշեցնեք, որ Եգիպտոսն ու Քաթարը համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել, որ ՀԱՄԱՍ–Իսրայել վերջին բանակցությունների արդյունքում Գազայի գոտում հրադադարի ուղղությամբ որոշակի առաջընթաց է գրանցվել։

Թարգմանությունը՝  Անի Վարդանյանի




Լրահոս