ՄԱԿ-ը ողջունում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող հանդիպումը և կհետևի բանակցությունների արդյունքներին, որոնց հիմնական թեման, ինչպես սպասվում է, կլինի Ուկրաինայում հակամարտության կարգավորումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք ողջունում ենք Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների միջև ամենաբարձր մակարդակով երկխոսությունը, օրակարգում շատ հարցեր կան: Մենք, անշուշտ, հետևում ենք այս (գագաթնաժողովին) և դրանից ստացված արդյունքներին»,- ասել է նա՝ անդրադառնալով համապատասխան հարցին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հույս ունի օգոստոսի 15-ին Ալյասկայում Պուտինի հետ հանդիպման։ Այնուհետև այդ բանակցությունների ծրագրերը հաստատել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ առաջնորդները կկենտրոնանան ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու տարբերակների քննարկման վրա։

























































































