Երեկ հրաժարական է ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը (Կադիլակ Սերոժ): Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն արդեն ընդունել է հրաժարականը: Նրան փոխարինելու է Շենգավիթի նախկին թաղապետ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, ով այժմ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետն է: Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` հրաժարականը կապված է Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի հետ: Թեեւ անձամբ Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այդ փաստը: «Բոլոր քաղաքապետերին էլ հարգել եմ, բայց ամենաշատը հարգել եմ Կարեն Կարապետյանին, խարիզմատիկ պաշտոնյա էր, բոլորի կողմից հարգված: Բայց հիմա որոշել եմ գնամ, հանգստանամ: Հո ժառանգական չի՞ աթոռը»,-ասաց նա` հավելելով, որ անկախ ամեն ինչից` Սերժ Սարգսյանի հրամանով պատրաստ է աշխատել անգամ որպես ամենահեռավոր գյուղի գյուղապետ: Հանուն Սարգսյանի` Հովհաննիսյանը պատրաստ է նաեւ «սահմանին մարդ խփել»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ