ՆՈՐ ՇԱՐԺԻՉ, ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն»-ն այս անգամ մինչեւ վերջին րոպեն չի սպասելու` «սպասարկելու համար այն միասնությունը, որը հիմնավոր չէ, որը սին է»,-ասում է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ակնհայտորեն նկատի ունենալով անցած նախագահական ընտրությունների ընթացքում «Ժառանգության» վերաբերմունքը Հայ ազգային կոնգրեսի նկատմամբ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը կամ այլ խոսքով` առաջարկը ԲՀԿ-ին, ամեն կերպ վերլուծվել է: Դուք ինչպե՞ս եք գնահատում:
-Ես քաղաքագիտական վերլուծություններ չեմ մեկնաբանում: Դա առաջին նախագահի եւ իր ղեկավարած ուժի տեսակետն է, ե՛ւ ինքը, ե՛ւ ցանկացած ինքնիշխան ուժ իրավունք ունեն որոշելու` ում հետ խոսեն, ում հետ հաղորդակցվեն: Եթե ժամանակին, մի քանի տարի էսպես առճակատման միջոցով, բառապաշարի միջոցով տարան պայքար իշխանության նկատմամբ եւ հետո որոշեցին նստել սեղանի շուրջ եւ երկխոսել նույն իշխանության հետ, դա իրենց իրավունքն է: Եւ նաեւ իրենց իրավունքն է նստել սեղանի շուրջ այդ իշխանության մի մասնիկի հետ, եթե այդ մի մասնիկը ցանկանա:
-Ձեզ համար ավելի տրամաբանակա՞ն կլիներ, որ այդ առաջարկն արված լիներ, օրինակ, «Ժառանգությանը»:
-Ո՛չ:
-Ինչո՞ւ:
-Կրկնում եմ` ես վերլուծությունների բանականությունը,  թե տրամաբանությունը` թե՛ քաղաքագիտական, թե՛ գիտական, չեմ մեկնաբանում. դա իրավունք է, եւ եթե որեւէ մեկն ուզում է սեղանի շուրջ հաղորդակցվել ցանկացած ուրիշի հետ, ես միայն կողջունեմ դա: Ես չեմ ակնկալում որեւէ հրավեր` երկխոսության կամ այլ անվան տակ: «Ժառանգություն»-ը մտադիր է տեւապես լինել այլընտրանքային դաշտում եւ ներկայացնել իր թեկնածությունը, իր բանաձեւը, իր առաջարկը բոլոր գործընթացներին:
-Առհասարակ, կարծիքները շատ էին, օրինակ` քաղաքագետ Արմեն Բադալյանն ասաց, որ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանը Գերմանիային հաղթելու համար դիմեց իր ոխերիմ թշնամի Մեծ Բրիտանիային` չնայած կարող էր դիմել բարեկամ Մոնղոլիային: Նկատենք զուգահեռը` «Ժառանգությանը» չդիմեց:
-Դուք` որպես փորձառու լրագրող, այդ հարցը պետք է տաք աղբյուրին, ես չեմ կարող մեկնաբանել, ես նման ակնկալիք չունեմ, ես ողջունում եմ ցանկացած հաղորդակցություն: Իհարկե, քաղաքականությունը տեւական շարժընթաց է, եւ մարդկանց դիրքավորումները փոխվում են, ուղղակի կարելի է զարմանալ, որ իմ կարծիքով բանական չափանիշների չենթարկվելով` Հայաստանում խիստ արագ են փոփոխվում իրավիճակային մոտեցումները` այս կամ այն ուժի կողմից մյուսների նկատմամբ: Ես, օրինակի համար, չեմ կարծում, որ բոլշեւիկյան, քեմալական դաշինքը երկրորդ երես ունի: Դա միանշանակ է, կարելի է ակնկալել անձնական, մանր շահիկների, շահադիտականությունների հիման վրա փոփոխություններ, բայց կարծում եմ, որ Հայաստանի շարքային քաղաքացին իրոք օտարված է եղել պետական ընտրական գործընթացից, այնուամենայնիվ, անդարդ, անճար եւ հիմար չէ, եւ շատ էլ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում: Կարեւորը, որ բոլորը պահի լրջությունը հասկանան եւ այնպես պահեն իրենց, որ արժանանան Հայաստանի ժողովրդի մեծամասնության քվեին, որ մենք վերջապես ունենանք ոչ թե դե ֆակտո, այլ  դե յուրե արդյունքով  քաղաքական ընտրություններ:
-Չե՞ք կարծում, որ այդ առաջարկով Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին ծանր դրության մեջ դրեց, ես կասեի` անմխիթար:
-Գրանցե՛ք, որ Դուք եք ասել` «անմխիթար», ես ասել եմ ընդամենը, որ ամեն մեկը որոնման, փնտրտուքի մեջ է` ինքնաարտահայտման, ինքնադրսեւորման, ամեն մեկը դիմացինից ակնկալիք ունի, բայց կարծում եմ, որ ամեն մեկը պետք է աշխատի իր վրա, եւ ակնհայտ է, որ այս շրջանում, երբ մի որեւէ ուժ` առանձին վերցրած, հարուստ, իշխանավոր, ընդդիմադիր, խորհրդարանական կամ արտախորհրդարանական, չի կարող փոխել երկիրը: Դրա համար մենք կողմնակից ենք նոր այլընտրանքի:
-Ի դեպ, ՀԱԿ առաջնորդը ոչ թե «Ժառանգությանը» անվանեց այլընտրանք, այլ ԲՀԿ-ին` իշխանության դաշտում:
-Ողջունում եմ:
-Բոլորը թիմակիցներ են փնտրում` ընտրություններին մասնակցելու համար, Դուք ի՞նչ եք պատրաստվում անել: Այնքան ինքնաբավ եք, որ կարող եք մենա՞կ գնալ ընտրությունների:
-«Ժառանգություն»-ն ինքնաբավ է մենակ գնալու եւ վերստին մտնելու համար խորհրդարան, նաեւ ընդարձակելու իր դերն ԱԺ-ում, բայց դա կյանքի նպատակ չէ, եւ դա նաեւ հայ ժողովրդի հիմնական խնդիրը լուծելու եղանակ չէ: Մենք միշտ եղել ենք հավաքական լուծումների կողմնակից, միշտ չէ, որ դա հաջողվել է, եւ դրա կողմնակիցը լինելով`  ապագայում կարող եմ հավաստել, որ մենք այս անգամ մինչեւ վերջին րոպեն պիտի չսպասենք` սպասարկելու համար այն միասնությունը, որը հիմնավոր չէ, որը սին է: Մեր նախընտրությունը դա է, բայց նաեւ «Ժառանգություն»-ը պիտի կարողանա քաղաքացիական հասարակության հետ մեկտեղ նոր շարժիչներ, նոր այլընտրանքներ եւ նոր անուններ ներկայացնել հանրությանը:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս